Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սահակաշվիլիի ռեժիմը
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում չի պաշտպանել 2004-ից մինչեւ 2012 թվականը երկիրը ղեկավարած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր հայտարարելու բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էին ընդդիմադիրները: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ:
Բանաձեւի նախագիծը պատրաստել էր «Հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցությունը: Բացատրական գրության մեջ նշվում է, որ՝ բանաձեւի նպատակը «Միասնական ազգային շարժման» կառավարման տարիներին Վրաստանում հաստատված ռեժիմը «հանցավոր ու անձնիշխանական» ճանաչելն է, ինչպես նաեւ արդարության վերականգնումը, հանցագործությունների հետաքննումը եւ մեղավորներին պատժելը: Նախագծի համաձայն՝ դատախազությանը հանձնարարվում էր վեց ամսվա ընթացքում ավարտին հասցնել նախկին իշխանության ղեկավարների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը:
Փետրվարի 21-ին անցկացված քվեարկության արդյունքում բանաձեւը պաշտպանել Է 45 խորհրդարանական, դեմ են քվեարկել 16-ը: Ընդամենը խորհրդարանն ունի 150 պատգամավոր:
«Մենք, ընդհանուր առմամբ, պաշտպանում ենք բանաձեւի բովանդակությունը, ինչես նաեւ այն կարծիքը, որ 2004-2012 թվականների ռեժիմը հանցավոր էր: Սակայն մենք դիտողություններ ունենք բանաձեււի իրավական մասի վերաբերյալ: Եթե այդ մասը վերանայվի, ապա մենք պատրաստ ենք վերստին քննարկել նման բանաձեւի ընդունումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքը մեջբերված է օրենսդիր մարմնի կայքում զետեղված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: