Ճապոնական տիեզերական զոնդy սկսել է հեռավոր աստղակերպի վրա վայրէջքի գործընթացը
Ճապոնիայի Օդատիեզերական հետազոտությունների գործակալության մասնագետները փետրվարի 21-ին սկսել են «Հայաբուսա-2» («Բազե-2») տիեզերական զոնդի վայրէջքի գործողությունը Ռյուգու աստղակերպի վրա, որը գտնվում է Երկրից 340 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Աստիճանական իջեցումը, ինչպես հայտնել է գործակալությունը, սկսվել է ընդամենը 900 մետր տրամագծով երկնային մարմնի մակերեւույթից 20 կիլոմետր բարձրությունից։
«Հայաբուսա-2»-ն աստղակերպի մակերեւույթին է մոտենում վայրկյանում 40 սանտիմետր արագությամբ: Մասնագետների հաշվարկներով՝ ապարատը Ռյուգուի մակերեւույթին կհասնի փետրվարի 22-ին՝ իջեցման սկսվելուց մեկ օր անց: Դրանից հետո «Հայաբուսա-2»-ը մետաղական գնդակով կկրակի գետնին եւ անմիջապես փոշեկուլով կհավաքի բարձրացած ավազը եւ ապարի մանր նմուշները:
Դրանից մի քանի վայրկյան անց ապարատը պետք է մեկնարկի աստղակերպի մակերեւույթից: Ռյուգու («Վիշապի պալատ») աստղակերպը գտնվում է Երկրի եւ Մարսի միջեւ: «Հայաբուսա-2»-ը դեպի աստղակերպ է արձակվել 2014 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի Տանեգասիմա կղզու տիեզերակայանից: Գիտնականները հույս ունեն աստղակերպի վրա գտնել ապարներ, որոնք այնտեղ անձեռնմխելի են մնացել մեր Արեգակնային համակարգի սկզբնավորման ժամանակից: Ենթադրվում է, որ շուրջ 600 կիլոգրամ քաշով զոնդը 2020 թվականին կվերադառնա Երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: