
Լոնդոն թռչող մարդատար հանրանավը պատահաբար գերազանցել է ձայնի արագությունը. WP

Virgin Atlantic ընկերության մարդատար Boeing 787-9 Dreamliner-ը, որը Լոս Անջելեսից թռչում էր Լոնդոն, հայտնվել է օդային հոսքի մեջ եւ դրանով իսկ գերազանցել ձայնի արագությունը։
Ինչպես հայտնել է The Washington Post (WP) թերթը, փետրվարի 18-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափին մթնոլորտի բարձր շերտերում դիտվել են օդի կտրուկ հոսքեր: Օրինակ՝ Լոնգ Այլենդի երկնքում դրանց արագությունը հասել է ժամում շուրջ 370 կիլոմետրի:
Փենսիլվանիայի երկնքում շուրջ 11 կիլոմետր բարձրության վրա Boeing-ը հայտնվել է շիթաձեւ հոսքերի մեջ, ինչի պատճառով ժամում շուրջ 900 կիլոմետր իր նորմալ արագության փոխարեն սլացել է ժամում մինչեւ 1289 կիլոմետր՝ դրանով իսկ գերազանցելով ձայնի արագությունը, որն այդ բարձրության վրա կազմում է շուրջ 1234 կիլոմետր/ժամ:
Օդային հոսքերի օգնությամբ ինքնաթիռը 48 րոպե շուտ է ժամանել Հիթրոու օդանավակայան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: