«Իրենք թող ապացուցեն, որ չկա». Սերգեյ Բագրատյանը սպասում է, որ «Լիդիան Արմենիան» կբերի հակառակ ապացույցներ
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբանները դատական հայց են ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ՝ պահանջելով, որպեսզի պատգամավորը հերքի Ջերմուկ քաղաքում արած իր այն հայտարարությունը, որ ընկերությունը նախկին իշխանություններին կաշառք է տվել, որպեսզի ազատ գործունեություն ծավալի։
168.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Ջերմուկում ինքը հայտնել է միայն իր կասկածների մասին, որ կան կոռուպցիոն ռիսկեր։
«Իրենք թող ապացուցեն, որ չկա։ Ես սպասելու եմ, որպեսզի ընկերությունը փաստեր ներկայացնի և հակառակն ապացուցի։ Ասել եմ, որ ողջամիտ կասկածներ ունեմ, եթե ուզում են, թող հերքեն ու ապացուցեն, որ նման բան չկա։ Իմ ողջամիտ կասկածների հիմքերն էլ ասել եմ, այն է, որ այդ ծրագիրը վատն է, և եթե Կառավարությունն ընդունել է, ապա ենթադրում եմ, որ չէր կարող առանց որևէ մոտիվացիայի ընդունել վատ ծրագիր»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով, եթե ընկերությունն ուզում է, կարող է իր ծրագիրը ենթարկել փորձաքննության և ապացուցել, որ այն լավն է, հետևաբար՝ չէր կարող պարունակել կոռուպցիոն ռիսկեր։
Դատական հայցի հետ կապված՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կարիք չկա կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և այն քննարկել։
Զվարթ Խաչատրյան