
Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ քննչական կոմիտեին 396 հազար դոլարին համարժեք գումար հատկացնելու հարցը՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների գնահատման քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների ծառայություն ձեռք բերելու համար
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննության կատարմանը ներգրավելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կողմից հայտարարվել է միջազգային հավատարմագրված կազմակերպությունների նախաորակավորման երկու փուլով մրցույթ:
2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը, ամփոփելով մրցույթի արդյունքները, նախապատվությունը տվել է Advanced Resources Development (ELARD) ընկերությանը:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան հայտարարեց, որ նման գործընթացները սովորաբար տևում են վեցից ութ ամիս։
«Մենք գործընթացները հնարավորինս արագացրել ենք, փորձաքննության վերջնական եզրակացությունը կներկայացվի 12-ից 16 շաբաթվա ընթքացքում, սակայն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընթացիկ հաշվետվություն է ներկայացվելու ու մայիսին, արդեն, նախնական արդյունք կներկայացվի», – մանրամասնեց Հայկ Գրիգորյանը։