Մեծ Բրիտանիայի չորս ազդեցիկ նախարարներ Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը. The Sun
Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց: Այդ մասին հայտնել է The Sun-ը:
Հակառակ դեպքում, ըստ թերթի տեղեկությունների, նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են «խռովությամբ» եւ հայտնել, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն հաջակցություն Brexit-ի ժամկետի հետաձգման հարցը խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնության: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոքը, բիզնեսի գործերի, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը եւ Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը:
Թերթը բերում է նախարարներից մեկի խոսքը. «Վարչապետը կանգնած է ընտրության առջեւ, եւ դա նրան պարզորոշ հասկանալ են տվել: Կա՛մ նա օրակարգից կհանի առանց գործարքից ԵՄ-ից դուրս գալը եւ կերկարաձգի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ժամկետը, կա՛մ նա պետք է հեռացնի մեզանից շատերին, եւ այդուամենայնիվ, նա պարտություն կկրի»:
Brexit-ի մասին օրենքի ուղղումը, որն սպառնում են պաշտպանել նախարարները, առաջարկել են լեյբորիստ պատգամավոր Իվետ Քուփերը եւ նրա պահպանողական գործընկեր Օլիվեր Լեթվինը: Դրա շուրջ քվեարկությունը Համայնքների պալատում կկայանա փետրվարի 27-ին: Օրենքի ուժ ստանալու համար Քուփերի նախաձեռնությանը պետք է հավանություն տան բրիտանական խորհրդարանի երկու պալատները:
Եթե դա տեղի ունենա, ապա մարտի 13-ին (եթե մինչ այդ պահը ԵՄ-ի հետ գործարքը դեռեւս հավանության արժանացած չլինի Համայնքների պալատի կողմից) պատգամավորներն իրավունք կստանան քվեարկել այն բանի շուրջ, թե արդյոք Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ն լգի առանց գործարքի (այս տարբերակին հազիվ թե հավանություն տրվի օրենսդիրների կղմից), ինչպես նաեւ այն բանի շուրջ, թե անհրաժեշտ է արդյոք Brexit-ի ժամկետի հետաձգումը: Ընդսմին նոր ամսաթիվը պարտավոր կլինի որոշել Մեյի կաբինետն այն դեպքում, երբ օրինագծի նախորդ տարբերակում խոսքը վերաբերում էր Brexit-ն ինն ամսով հետաձգելուն:
Ինչպես ավելի վաղ պարզաբանել է Քուփերն ինքը, իր առաջարկության նպատակն այնպիսի իրադրություն թույլ չտալն է, երբ Brexit-ի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվի մինչեւ մարտի 29-ն ընկած երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում, երբ երկիրը պետք է պաշտոնապես լքի ԵՄ-ն:
Լեյբորիստներն զգուշանում են, որ, ձգձգելով բանակցությունները եւ զիջումներ ակնկալելով կա՛մ Բրյուսելից, կա՛մ Համայնքների պալատից, Մեյի կաբինետը, ինքն էլ դա չկամենալով, ի վերջո կհրահրի Brexit առանց գործարքի, ինչը հետեւանքներով է հղի բրիտանական տնտեսության համար: Ինչպես նշումէ The Guardian թերթը, լեյբորիստների նախաձեռնությունը պատրաստ են պաշտպանել Brexit-ի դեմ հանդես եկող պահպանողականները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: