Արմեն Սարգսյանի հարցը Ջո Բայդենին՝ արևմտյան լրատվամիջոցների քննարկման թեմա
Օրերս Մյունխենի Անվտանգության համաժողովի միջանցքներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև զրույցն ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի հետ գրավել է արևմտյան և տեղական լրատվամիջոցների ուշադրությունը։ Թեև հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ էր կրում, լրատվամիջոցները սղագրել են զրույցի այն հատվածը, որում քաղաքական գործիչները շշուկով չեն խոսում։ Այս հանդիպումը գուցե այսպիսի աղմուկ չբարձրացներ, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անակնկալ հարց չուղղեր Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցելու մտադրության մասին։
CNN-ը հրապարակել է նույնիսկ հանդիպման տեսանյութը, որտեղ պարզ լսվում է ղեկավարների խոսակցությունը։ «Բարև Ձեզ, պարո՛ն նախագահ, ներողություն, Ձեր կողքով անցա»,– ասաց Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանեց. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։ Միմյանց ողջունելուց ու որպիսությունը հարցնելուց հետո Արմեն Սարգսյանը Բայդենից հետաքրքրվում է՝ առաջադրվելո՞ւ է արդյոք նա ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Բայդենի պատասխանը, ինչպես տեսանյութում է երևում, շշուկով է, բայց մի շարք լրատվամիջոցներ նախկին փոխնախագահի ժեստերից ենթադրում են, որ Բայդենի պատասխանը դրական է։
Հանդիպումից օրեր անց ևս արևմտյան հեղինակավոր ԶԼՄ-ները քննարկում են հանդիպումը և փորձում գուշակել Բայդենի պատասխանը։ Սարգսյան-Բայդեն ջերմ զրույցը բավականին դրական արձագանքներ է ստացել նաև այստեղ՝ Հայաստանում, ոչ միայն լրատվամիջոցները, փորձագիտական հանրությունը, այլև սոցիալական ցանցերում օգտատերերն ակտիվորեն տարածում են Սարգսյան-Բայդեն կուլիսային հանդիպման տեսանյութերը։