
Մեյն առաջընթաց է արձանագրել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ իրեն հաջողվել է առաջընթացի հասնել Brexit-ի շուրջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած բանակցություններում։ «Մենք պայմանավորվեցինք, որ լուծում գտնելու շուրջ աշխատանքը կշարունակվի տեմպով, ժամանակը շատ մեծ կարեւորություն ունի, եւ մեր շահերից է բխում այն, որ երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը, նա դա անի կանոնակարգված: Այս առումով մենք առաջընթացի հասանք»,- ասել է Մեյը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:
ԵՀ-ի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպել են փետրվարի 20-ի երեկոյան՝ ամփոփելու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու ապահովմանն ուղղված իրենց համատեղ ջանքերի արդյունքները այն գործընթացին համապատասխան, որն սկսվել է փետրվարի 7-ին, նշվում է կողմերի՝ տարածված համատեղ հայտարարության մեջ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի համար ապահովագրական պլանին (բեքստոպ):
«Երկու ղեկավարները հավաստեցին Իռլանդիա կղզում կոշտ սահմանից խուսափելու եւ ԵՄ-ի ու Միացյալ Թագավորության ներքին շուկայի ամբողջականությունը հարգելու իրենց պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ: Դրանում նշվում է, թե «կողմերը համաձայնել են, որ բանակցությունները կառուցողական էին, եւ հաստատակամորեն կոչ են արել իրենց համապատասխան բանակցող թիմերին՝ տարբերակների ուսումնասիրումը շարունակել դրական ոգով»: Ժան Կլոդ Յունկերը եւ Թերեզա Մեյը պայմանավորվել են իրադրությունը վերստին քննարկել առաջիկա օրերին եւ հանդիպել մինչեւ փետրվարի վերջը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: