Բաժիններ՝

Queen խումբը ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը

Queen բրիտանական ռոք խումբը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում ելույթ կունենա «Օսկար» կինոմրցանակների հանձնման արարողությանը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան:

«Դա իսկապե՞ս տեղի կունենա, թե այդ ամենը միայն ֆանտազիա է,-ասված է հաղորդագրության մեջ:-Մենք ողջունում ենք Queen խմբին եւ վոկալիստ Ադամ Լամբերտին «Օսկար»-ների հանձնման արարողությանը»: Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարը (2018 թ.), որը պատմում է Queen խմբի եւ նրա առաջնակարգ վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) հաջողության ճանապարհի մասին, այս տարի «Օսկար»-ի հավակնորդների թվում առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Ավելի վաղ այն արդեն «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Գլխավոր դերակատարներն են՝ Ռամի Մալեկը, Գվիլիմ Լին, Բեն Հարդին եւ Ջոզեֆ Մացելոն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ելույթ կունենան Լեդի Գագան եւ Բրեդլի Քուփերը՝ «Օսկար»-ի առաջադրված Shallow երգով՝ «Աստղը ծնվեց» (2018 թ.) մելոդրամայից, որը պատմում է քանթրի ոճում կատարողի եւ սկսնակ երգչուհու սիրո մասին: Երգչուհի Բեթի Միդլերը Twitter-ում հայտնել է, որ կկատարի «Օսկար»-ի առաջադրված The Place Where Lost Things Go երգը՝ ռեժիսոր Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում է» (2018 թ.) ֆիլմից:

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն այս անգամ որոշել են սահմանափակվել առաջին մեծության կինոաստղերի մի ամբողջ համաստեղության հրավիրմամբ, որոնց կվստահվի բեմից հաղթողների անունների հայտարարումը:

«Օսկար»-ների հանձնման առաջիկա արարողության վարողի հարցը սրությամբ ծառացավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո: Առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը վերջին անգամ տեղի է ունեցել 1989 թվականին, երբ արարողությանը ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվեց 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել է միանգամից չորս մարդ, 1987 թվականին նրանց թիվը երեքն էր: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին կանցկացվի Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս