Բրիտանացի երեք պահպանողական պատգամավորներ կուսակցությունից դուրս են եկել Brexit-ի ֆոնին
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից: Այդ մասին փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել է։ Համայնքների պալատի անդամ Աննա Սուրբին։ Բացի Սուրբիից, կուսակցությունից որոշել են դուրս գալ Հայդի Ալենը եւ Սառա Վուլասթոնը: Պատգամավորների նամակում, որը Սուրբին հրապարակել է Twitter-ում, ասվում է, որ իրենց այդ որոշումն ընդունելու է դրդել կառավարության անհարկի մերձեցումը Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության եւ European Research Group (ERG) հետազոտական խմբի հետ, որի մեջ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, մտնում են Պահպանողական կուսակցության մոտավորապես 60 անդամներ: ԶԼՄ-ների պնդմամբ, այդ հետազոտական խմբի անդամները Brexit-ի արմատական տարբերակի կողմնակիցներ են:
«Մենք գտնում ենք, որ այլեւս չենք կարող մնալ այնպիսի կառավարություն ձեւավորած կուսակցության մեջ, որի քաղաքականությունը եւ գերակայությունները գտնվում են ERG-ի եւ Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության նման իշխանության տակ: Brexit-ը փոխակերպեց Պահպանողական կուսակցությանը՝ ի չիք դարձնելով նրա արդիականացման բոլոր ջանքերը»,-հայտարարել են պատգամավորները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է, թե ինքը վշտացած է պատգամավորների որոշումից, նշելով, որ «իհարկե, ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հարցը երկար ժամանակ տարաձայնությունների աղբյուր էր ինչպես ձեր կուսակցության մեջ, այնպես էլ մեր երկրում»:
Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությունը Մեյին անհրաժեշտ էր այն բանի համար, որ Brexit-ի շուրջ իր գործարքն անցկացնի խորհրդարանով: Ներկայում Մեյը փորձում է փոփոխություններ մտցնել իռլանդական սահմանի վերաբերյալ «ապահովագրական պլանում», որը մտնում է Brexit-ի մասին համաձայնագրի մեջ, ինչը նույնպես դիտարկվում է որպես այս կուսակցության հետ փոխզիջման գնալու փորձ: Պահպանողական կուսակցությունից դուրս եկած պատգամավորները հայտարարել են անկախ խմբին միանալու մտադրության մասին, որն ավելի վաղ բրւիտանական խորհրդարանում ձեւավորվել է այն պատգամավորների կողմից, որոնք հեռացել են Լեյբորիստական կուսակցությունից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: