Բաժիններ՝

Սանահինի վանական համալիրում հայտնված «եվրո բուդկան»-ն մոմավաճառի համար է և ժամանակավոր. Քահանայի պարզաբանումը

Նախորդ շաբաթվա վերջին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Սանահինի վանական համալիրի նախագավիթում հայտնված «եվրո բուդկան», որը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, սակայն այդպես էլ չպարզվեց, թե ինչու է եվրո դուռը հայտնվել վանական համալիրում։

168.am-ի զրույցում Սանահին վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Նահապետ Կարապետյանը նշեց, որ իր նախաձեռնությամբ է այդ փոքրիկ կրպակը հայտնվել եկեղեցու ներսում։

«Նախկին կրպակը, որը գտնվում էր դրսում, սարսափելի վիճակում էր, խարխուլ, անձրևներից կաթում էր։ Մեր մոմավաճառը մոտ 70 տարեկան կին է, և վտանգավոր էր անընդատ այդ կրպակի ներսում գտնվելը։ Մարդ կար, որը կարողացավ ինձ օգնել, նրանից խնդրեցի այդ խցիկը, որպեսզի կարողանանք այս ցուրտ ամիսներին այն տեղադրել եկեղեցու ներսում, որպեսզի մոմավաճառը չմրսի։ Այդ խցիկը ժամանակավոր է, եթե կարողանաք ավելի գեղեցիկ ու հարմարավետ ինչ-որ բան կառուցել դրսում՝ կրպակը ներսից կհեռացնենք։ Չգիտես ինչու, այդ խցիկը մեծ աղմուկ է բարձրացրել, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց քահանան։

Կարդացեք նաև

Տեր Նահապետի խոսքով՝ խցիկը եկեղեցու նախագավթում տեղադրելիս որևէ պատմական արժեք չի խաթարվել, իսկ եթե խոսում են պատմական արժեքներից, ապա վանական համալիրում ավելի լուրջ խնդիրներ կան, ուստի քահանան մտահոգ մարդկանց կոչ արեց միանալ իրեն՝ հենց այդ խնդիրները լուծելու համար։

«Մեզ համար նորություն չեն կրպակները եկեղեցու մեջ, նման խցեր կան՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ կաթոլիկ եկեղեցիների ներսում։

Պարզապես զարմանում եմ, թե ինչու հենց այսօր մտահոգություններ առաջացան մարդկանց մոտ, երբ նախկինում նման բան չկար»,- շեշտեց տեր Նահապետ Կարապետյանը։

Հարցին, եթե բոլոր եկեղեցիներում նման կրպակ կա, ինչո՞ւ աղմուկ բարձրացավ հենց Սանահինի շուրջ, քահանան նկատեց. «Չեմ կարծում, որ ինքս ինձանից մեծ մարդ եմ ներկայացնում, որ կարող է իմ անձի շուրջ որևէ խնդիր լինի։ Ինքս դրա մասին գաղափար չունեմ և զարմացած եմ»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս