Բաժիններ՝

ՀԴՄ-ական կրքեր՝ «Թիվ 2 բուժմիավորումում»

168.am-ը ահազանգ է ստացել «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ մի խումբ աշխատակիցներից, ովքեր բողոքում էին բուժմիավորման ապօրինի գործելակերպից։

Խնդիրն այն է, որ տնօրեն Տիգրան Խաչատրյանը բուժմիավորման աշխատակիցներին ստորագրման է տվել կամայական կազմված մի փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար վերջիններս ենթարկվելու են տույժերի, ինչպես նաև կարող են հեռացվել աշխատանքից։

Ստորև ներկայացվածն այդ փաստաթուղթն է։

Ընդ որում, աշխատակիցները պետք է ստորագրեն դատարկ էջի վրա գրված իրենց ազգանունների դիմաց, այլ ոչ թե՝ առաջին էջի, ուր բուժմիավորման գլխավոր տնօրենի հրամանի տեքստն է։

Աշխատակիցների վրդովմունքի պատճառն այն էր, որ այս կարգի խստություններն իրենց հանդեպ կիրառվում են այն պայմաններում, երբ դեկտեմբեր ամսվա իրենց չնչին, ՀՀ-ում սահմնանված նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձը ստացել են ընդամենը 2 օր առաջ, իսկ հունվարի աշխատավարձի մասին դեռ խոսք չկա։ Աշխատավարձերի բարձրացման մասին տնօրենը, իհարկե, չի խոսում։ Այսինքն՝ գործ ունենք մի իրողության հետ, երբ 21-րդ դարում բժիշկը ստանում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ։

Երբ աշխատակիցներն ընդդիմացել են ստորագրել սույն ապօրինի փաստաթուղթը, բուժմիավորման տնօրենը նրանց սպառնացել է, թե՝ «90 տոկոսն էլ չստորագրի, աշխատանքից հեռացնելու եմ ու տուգանեմ»։

Հիմա՝ ըստ էության։ Ոչ ոք չի վիճարկում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ծառայություն մատուցող սուբյեկտ, այդ թվում և՝ առողջապահական ծառայություն մատուցող կազմակերպություն և անհատ, պետք է տրամադրի ՀԴՄ կտրոն, այլ կերպ ասած՝ կատարի իր հարկային պարտավորությունները։ Բայց որևէ կազմակերպության ղեկավար իրավունք չունի կամայական տուգանքներ սահմանել, կայացնել բացարձակ անօրինական որոշումներ։ Նա ընդամնեը կարող է ցուցում տալ աշխատակիցներին, ինչը պետք է կարգավորված լինի գործատու-աշխատակից իրավահարաբերություններով, այն է՝ աշխատանքային պայմանագրերով։ Ցուցումը չկատարելու դեպքում աշխատակիցը կարող է ենթարկվել կարգապահական տույժերի, ընդհուպ՝ հեռացվել աշխատանքից, բայց որևէ մեկը չի կարող կամայական տուգանքներ նշանակել, և աշխատակիցը պարտավոր չէ ստորագրել այս հրաման կոչվածի տակ։

Ընդ որում, այստեղ խոսքը բոլորովին էլ որևէ խանութի կողմից չտրվող ՀԴՄ կտրոնի մասին չէ։

Այնինչ տնօրեն Տ. Խաչատրյանը սպառնում է չստորագրելու դեպքում ինքնակամ աշխատանքից ազատման դիմումներ ստիպել գրել աշխատակիցներին ու նաև բացատրություն, թե ինչո՞ւ չեն ստորագրում այդ փաստաթուղթը։

Ուշագրավն այն է, որ այս բուժմիավորումում  բուժաշխատողների շատ քիչ մասն է խիստ խորհրդանշական կերպով վճարվում գիշերային հերթապահությունների համար, իսկ մյուսներն առհասարակ չեն վճարվում, վճարովի հիմունքներով բուժվող, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում բուժվող որևէ հիվանդի հաշվով փոխանցվող գումարներից նույնպես հավելյալ վարձատրություն չեն ստանում։ Սա դեռ քիչ է, կարող են ամիսներով չստանալ իրենց ողորմելի աշխատավարձը։

Այս պայմաններում էլ դեռ հանդգնում են աշխատակիցներին ապօրինի հրամաններ իջեցնել ու ստորագրել տալ դրանց տակ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ ապօրինի նշանակված տուգանքի կիրառման դեպք կա արձանագրված, ապա աշխատակիցները պետք է իմանան, որ դա այն կիրառողի համար քրեական պատասխանատվություն է ենթադրում։

ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս