Բաժիններ՝

Արդյոք սա կոռուպցիա չէ՞, և արդյոք ՀՀ-ում օլիգարխներ այլևս չկա՞ն

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի կարիերայի առաջխաղացումը դարձել է շաբաթվա քննարկման կարևորագույն թեմաներից մեկը։ Ինչո՞ւ։

Նախ, Ռ. Մաշադյանի՝ «թավշյա» հեղափոխությունից հետո ՊԵԿ ղեկավար կազմում մնալը շատերի զարմանքն էր հարուցել ի սկզբանե։ Այնուհետև, միլիոնավոր դրամների հասնող ՊԵԿ պարգևավճարների թեման պայթյունի պես որոտաց։ Ըստ Yerevan.today-ի՝ 2018թ. դեկտեմբերին ՊԵԿ ղեկավարությունն ինքն իրեն պարգևատրել էր միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներով։ Կայքը ներկայացրել էր դեկտեմբերին նրանց ստացած աշխատավարձային և պարգևատրումային ֆոնդը։

Ըստ այդմ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 6 մլն 456 000 դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն 930 000 դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ 6 մլն 6000 դրամ, և այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ՊԵԿ շարքային հարկային տեսուչները, ծառայողները ստացել էին 100-200.000 դրամ։

Կայքը նաև գրել էր, թե ինչու է Ռաֆիկ Մաշադյանի պարգևավճարն ավելի բարձր. «Խոսակցություններ կան, որ ՊԵԿ-ն իրականում ղեկավարում է առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով դեկտեմբերին ստացել է ամենաբարձր գումարը՝ աշխատավարձը և պարգևատրումը միասին՝ 9 մլն 60 000 դրամ»։ Հասարակության մեջ դժգոհության հսկայական ալիք բարձրացավ։ ՊԵԿ-ը, իհարկե, սկզբում այս տեղեկատվության հերքման անհհաջող փորձեր կատարեց, այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք սկսեցին արդարացնել այդ պարգևավճարները՝ ասելով, թե անօրինական ոչինչ չի արվել։ Կայքը հրապարակեց ՊԵԿ-ի 2018թ. հոկտեմբեր ամսին ստացած աշխատավարձային միջոցների չափը՝ նշելով, որ ըստ այդ տեղեկության՝ պաշտոնյաներն այս գումարները ստացել են նոյեմբեր ամսին՝ որպես հոկտեմբեր ամսվա վճար։

Ըստ այդմ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 3 մլն 430 000 ՀՀ դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 3 մլն 43 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանը՝ 2 մլն 640 000 դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյանը՝ 2 մլն 190 000 դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ 2 մլն 562 000 դրամ, և այլն։

Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ «Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։ Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»։

Հարց էր ծագում՝ այդ ինչպե՞ս Ռաֆիկ Մաշադյանը կարողացավ մնալ այդ պաշտոնին թավշյա հեղափոխությունից հետո, այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը հեղափոխությունից առաջ և հիմա անընդմեջ կրկնում է, թե պայքարում է կոռուպցիայի, օլիգարխիայի, թալանի, բարեկամ-ծանոթներին աշխատանքի, բարձր պաշտոնների տեղավորելու դեմ։ Ինչո՞ւ է Մաշադյանը նույնիսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից բարձր պարգևավճարներ ստանում։

Նախ, նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանն իր կյանքի ողջ ընթացքում, դեռևս 1996 թվականից սկսած, պետական պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է ՊԵԿ համակարգում։

Ըստ civilnet.am-ի՝ նա 2017-ին հայտարարագրել է 5 միլիոն դրամ և 85 հազար դոլար դրամական միջոց, իսկ Մաշադյանի կնոջ՝ Արինա Մաշադյանի դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար։

Տեղեկացնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի խրախուսման ֆոնդը ձևավորվում է ստուգման ակտերի 10 և ՀԴՄ ակտերի գումարային չափի 30 տոկոսից։ Մաքսային պետական ծառայության մասով այն գոյանում է մաքսավճարներից։

ՀՀ վարչապետի՝ 11.06.2018թ. թիվ 702-L որոշմամբ հաստատված ՀՀ ՊԵԿ կանոնադրությամբ՝ խրախուսման կարգի մեջ հստակ նշված է, թե ով և որքան պարգևավճար պետք է ստանա, այսինքն՝ հիմնական մասը պարգևավճարի պետք է ստանա անմիջական հայտնաբերողը։ Այդպես է արվել այն նպատակով, որպեսզի հարկային տեսուչը խրախուսվի, և ինքը ձգտի առավել ակտիվ լինել, ակտեր շատ գրել։ Խրախուսման կարգը չի նախատեսում, որ այդ պարգևավճարները պետք է բաժանվեն ղեկավար կազմի միջև։ Բացի այդ, ՊԵԿ նախագահն իրավունք ունի խրախուսել միայն այն աշխատակիցներին, ում ինքն է աշխատանքի ընդունել, իսկ իրեն և իր տեղակալներին աշխատանքի է նշանակել վարչապետը, և հետևաբար՝ միայն նա էլ իրավունք ուներ խրախուսել ՊԵԿ ղեկավար կազմին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ ի պատասխան լրագրողների՝ պարգևավճարների մասին հարցերին, «անմեղ էր» ձևանում, իրականում չի բացառվում, որ հենց իր որոշմամբ է սահմանվել միլիոնավոր դրամների կազմող պարգևավճարների այդ չափը և ցանկը՝ ում և որքան պարևավճար տրվի։

Կարճ ժամանակ անց մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ռաֆիկ Մաշադյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ազգականներ են։

Politik.am-ի հրապարակման համաձայն՝ «Մայիսի 24-ին, երբ հեղափոխական թիմի գալուց հետո ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ նշանակվեց նույն համակարգում երկար տարիներ աշխատած Ռաֆիկ Մաշադյանը, շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ է Փաշինյանը նման կարևորագույն պաշտոնի նշանակում նախկին համակարգի վառ ներկայացուցիչներից մեկին։ Պետք է նկատել, որ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից է՝ նրա սանիկը։ Այս տարիներին Մաշադյանի անվան հետ են կապվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ և խոշոր բիզնեսներ, օրինակ՝ «Վեգա» խանութների ցանցի հետ կապված կոռուպցիոն գործարքը:

Նրա անվան հետ են կապվում նաև «Մաշ Ֆարմ» դեղատների ցանցը, «Վենդա ՍՊԸ»-ն, տարբեր ՀԷԿ-եր և Երևան քաղաքում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև՝ Ծաղկաձորում Գագիկ Խաչատրյանի տան կողքին գտնվող շքեղ առանձնատունը (այս մասին դեռ առաջ հիշեցրել էր «Հրապարակ» օրաթերթը)։ Ի վերջո, շատերի համար կասկածելի այս նշանակումը հետագայում մոռացվեց։ Եվ ահա, ամիսներ անց պարզ է դառնում, թե ի՞նչն է դրդել Նիկոլ Փաշինյանին նման կարևոր պաշտոնի նշանակել կասկածելի անցյալ ունեցող Մաշադյանին։ Բանից պարզվում է՝ Մաշադյանի մայրը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մայրը մորաքրոջ աղջիկներ են։ Ըստ Էության, մորաքրոջ երեխաներ են նաև Աննա Հակոբյանն ու Ռաֆիկ Մաշադյանը։ …Ըստ շրջանառվող խոսակցություների՝ Աննա Հակոբյանը հիշեցրել է ամուսնուն, որ Մաշադյանը ժամանակին իրենց շատ է օգնել, երբ դեռ ընդդիմադիր էին, իսկ Մաշադյանն իշխանական էլիտայի հետ լավ հարաբերություններ ուներ»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ AuroraNews-ը դիմել էր Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանին, պարզելու համար, թե լուրը որքանով է համապատասխանում իրականությանը։ Աննա Հակոբյանի պատասխանը հետևյալն էր. 

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»։

Մեծ աղմուկ առաջացրեց հաջորդ աղմկահարույց լուրը։ Ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր որդին պաշտոնի առաջխաղացում է ունեցել։

«ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա»,- փետրվարի 14-ին գրել էր թերթը։

Տեղեկատվությունը նոր դժգոհությունների տեղիք տվեց։ Փետրվարի 17-ին Դատախազությունը հանդես եկավ հերքում-պարզաբանմամբ.

«Դատախազ Հարություն Մաշադյանը 2018թ. մարտին նշանակվել է ՀՀ դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019-ի փետրվարի 4-ին փոխադրվել է ՀՀ դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մասնագիտությունից մինչև զինվորական ծառայությունը, և 2018 թվականի մարտից ընդունվել է դատախազության համակարգ՝ որպես դատախազ, նա երրորդ դասի խորհրդական է։ Հրապարակումներն այն մասին, թե Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի դատախազ, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը, Մաշադյանը դատախազության պաշտոնյա չէ, նա դատախազ է։ Նշանակման պահին գործող օրենքը տարիքային սահմանափակում չի սահմանել»:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը փորձել էր հասկանալ Դատախազության պարզաբանման գլուխկոտրուկը. «Ըստ դատախազության պարզաբանման, 1995թ.-ին ծնված Մաշադյանը 2010թ.-ին՝ այսինքն՝ 15 տարեկանում ավարտել ա դպրոցը, ենթադրենք՝ 5 տարեկանում ա դպրոց գնացել, արա բա ոնց ա 12 տարվա փոխարեն 10 տարի սովորել դպրոցում կամ 15 տարեկանում ոնց ա ընդունվել ԵՊՀ… Վոբշըմ կամ նորմալ պարզաբանում տվեք, կամ էլ հանգիստ նստեք տեղներդ»։ Ինչ արած, ՀՀ գլխավոր դատախազությունը շտապողականության պատճառով մոռացել էր, որ չպետք է գրեր՝ 15 տարեկանում է Մաշադյանի որդին ավարտել դպրոցը։ Հրահանգված էր՝ շատ արագ հերքել։

Հեղափոխությամբ եկած կառավարության համակիրները հարվածի սլաքներն ուղղեցին լուրը հրապարակող մամուլի դեմ։ Սոցիալական ցանցերում, սակայն, կրքերը չեն հանգստանում։ Զավեշտալի էր թե Աննա Հակոբյանի պատասխանը, որ խորթ մորաքրոջ թոռն է, և դեռ Փաշինյանն էլ երբևէ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, թե Դատախազության պարզաբանումը։ Մարդկանց մի մասը քննարկում էր Մաշադյանի որդու տարիքը, հոր և որդու ունեցվածքը, կարիերայի նման առաջխաղացումը, մյուս մասը՝ հին բարքերի շարունակությունը, երբ ազգականներին տեղավորում են բարձր պաշտոնների, իսկ «անտեր ու տանիք չունեցող» շարքային լավ մասնագետներին՝ հեռացնում են աշխատանքից կամ մոտ չեն թողնում։ Ընդ որում, շատերի համար հասկանալի էր, թե ինչ է արվել՝ Մաշադյանի որդուն սկզբում աշխատանքի են տեղավորում մարզերից մեկում, այնուհետև սահուն տեղափոխում մայրաքաղաք։ Արդյոք սա կոռուպցիա չէ՞։

Օրեր առաջ՝ փետրվարի 16-ին, ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով, և այն չլինի ուղղակի փիառ գործիք»։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև պետական միջոցների հաշվին հարստացած օլիգարխ, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։ Համոզված ենք՝ նա ուշադիր լսել է ՊԵԿ կերպարանափոխման մասին վարչապետի մտքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս