
Մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը. բացման պաշտոնական արարողությանը մասնակցում է նաև ՀՀ նախագահը

Մյունխենում մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը: Հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մասնակցում է համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահն արդեն այցելել է Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Արմեն Սարգսյանն այցի ընթացքում կհանդիպի նաև գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան (European Southern Observatory), որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:
Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները: