
Բեքհեմը դատարան է հրավիրվել ղեկին հեռախոսով խոսելու պատճառով

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը ավտոմեքենայի ղեկին բջջային հեռախոս օգտագործելու պատճառով դատարան է հրավիրվել:
Այս մասին գրում է Sky News-ը: Նախորդ տարվա նոյեմբերին Լոնդոնի կենտրոնում նկատել են Բեքհեմին իր Bentley Bentayga մեքենայում հեռախոսով խոսելիս: Ֆուտբոլիստին դեռևս մեղադրանք չի ներկայացվել: Դատական առաջին լսումները կկայանան մարտի 19-ին:
Եթե Բեքհեմը մեղավոր ճանաչվի, ապա կկորցնի վարորդական 12 միավորից 6-ը: Եվ եթե դեպքը կրկնվի, ապա անգլիացի ֆուտբոլիստը կզրկվի վարորդական իրավունքից: Նա կարող է նաև տուգանվել 2 հազար ֆունտով: