Բաժիններ՝

Փենսը կոչ է արել եվրոպական երկրներին՝ դուրս գալ իրանական միջուկային գործարքից

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել եվրոպական գործընկերներին՝ Վաշինգտոնի օրինակով դուրս գալ իրանական միջուկային գործարքից։

«Եվրոպացի գործընկերների համար եկել է մեզ հետ եւ իրանական ժողովրդի հետ միասին լինելու, տարածաշրջանում մեր ընկերների եւ գործընկերների հետ լինելու ժամանակը: Եկել է ժամանակը, որ եվրոպացի գործընկերները դուրս գան միջուկային գործարքից եւ միանան Իրանի վրա գործադրող տնտեսական ու դիվանագիտական ճնշմանը, որն անվտանգություն եւ ազատություն կբերեր իրանական ժողովրդին, տարածաշրջանին եւ ամբողջ աշխարհին»,-հայտարարել Է Փենսը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովում, որը կազմակերպել են ԱՄՆ-ը եւ Լեհաստանը:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից դուրս գալու եւ երկրի նկատմամբ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին: Մերձավոր Արեւելքին նվիրված նախարարական խորհրդաժողովը, որը կազմակերպում են ԱՄՆ-ը եւ Լեհաստանը, Վարշավայում անցկացվում է փետրվարի 13-14-ին: Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» է որակել Վարշավայում Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում է հապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս