
Ռուսաստանի և Իրանի հարաբերություններն ընթանում են դեպի ռազմավարական մակարդակ. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններն ընթանում են դեպի ռազմավարական մակարդակ։ «Ռուսաստանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունները, բարեբախտաբար, շատ լավ են ու զարգացող»,-ասել է նա Սոչիում Սիրիային նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպմանը: Նրա խոսքով, «այդ հարաբերություններն ընթանում են դեպի ռազմավարական մակարդակ»:
«Մենք կոնսուլտացիաներ ենք անցկացնում միջազգային օրակարգի, տարածաշրջանային օրակարգի կարեւորագույն հարցերի, այդ թվում՝ Սիրիայի շուրջ, եւ սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ մեր համագործակցությունը հաջողությամբ առաջ է շարժվում»,-նշել է Ռոուհանին:
«Իհարկե, անհրաժեշտ է Սիրիայում իրականացնել նաեւ այլ գործեր, որպեսզի այդ երկրի ապագան, ինչպես նաեւ այդ երկրի տարածքային ամբողջականությունը, որը կարեւոր նշանակություն ունի մեզ համար, ապահովված լինեն: Ես հուսով եմ, որ մենք նոր քայլեր կձեռնարկենք ներկայիս գագաթնաժողովի ընթացքում»,-հավելել է Իրանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: