
ՆԱՏՕ-ն դիտարկում է Սև ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա հայտնել է, որ դաշնակիցները Բրյուսելում ոչ պաշտոնական նախաճաշ են անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի հետ: Հանդիպմանը հաստատվել է Սեւ ծովում կալանված ուկրաինական նավերը եւ նավաստիներին ազատ արձակելու ՌԴ-ին ուղղված կոչը:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները քաղաքական ու գործնական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, այժմ մենք մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք անել… Մենք դիտարկում ենք Սեւ ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սեւ ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: