«Բա փաստաբանական ոլորտում ստվերը ո՞րն է։ Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել». Նիկոլ Փաշինյան

«Մենք ամենևին էն կարծիքին չենք, որ ինչ ասում ենք, բացարձակ ճշմարտություն է, որովհետև կարող է ինչ-որ հանգամանք չիմանանք։ Ես, կոնկրետ, կարող է վարչապետի կաբինետում փակված, ինֆորմացիայի աղբյուրներով սահմանափակված՝ կարող է ինչ-որ հանգամանք չիմանամ։ Ոչ մի ողբերգություն չկա։ Ես ասում եմ, որ ինձ ասել են, որ էսպես է։ Ոչինչ, թող մարդիկ գան, հասնեն, բարձրաձայնեն, որ էդպես չի, ուրիշ խնդիր կա»,- Կառավարության ծրագրի եռօրյա քննարկումների ավարտին այսօր հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Վերջինս կարծում է, որ, եթե մարդիկ համարում են, որ հարկային բեռը շատ մեծ է, պետք է նայել, խոսել, քննարկել։

«Մենք չենք ուզում, որ որևէ մեկի վրա հարկային բեռը լինի այնքան, որ նա աշխատելու, զարգանալու հեռանկարից զրկվի։ Որովհետև մեր շահագրգռությունն այն է, որ մարդիկ հարստանան, հարստացնեն։ Շատ աշխատեն, շատ հարկ վճարեն պետությանը։ Բայց այսօր էլի, ոնց որ Պապ թագավորի ժամանակներում, ում ասում ես՝ հարկ պիտի վճարես, ասում ա՝ ես պիտի՞ վճարեմ հարկը։ Աբսուրդ է, որ փաստաբանական գործունեության մեջ կա ստվեր։ Էն ժամանակ ասում էին՝ օլիգարխներն ունեն ստվեր, հնարավոր է՝ հիմա էլ ունեն, և մենք դրա դեմ պայքարում ենք, և որևէ մեկը չկասկածի, մեզ այդտեղ ոչ մի բան չի կանգնեցնի, ոչ մի բան։ Բա փաստաբանական ոլորտում ստվերը ո՞րն է։ Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ավիափոխադրողի հետ կապված քննարկումներին էլ վարչապետն այս կերպ պատասխանեց.

«Կառավարությունն ազգային փոխադրող ստեղծող չէ։ Ես ասում եմ՝ ով ունի ազգային ավիափոխադրող ստեղծելու նորմալ ծրագիր, մենք պատրաստ ենք քննարկել։ Որովհետև գալիս են, գիտե՞ք՝ ինչ «լավ» առաջարկներ կան, ասում են՝ եկեք բոլոր չվերթերը հանեք, բոլորը տվեք մեզ։ Դա լավ ճանապա՞րհ է։ Մենք այդ ճանապարհով գնացել ենք արդեն, երկու անգամ ազգային ավիափոխադրող ենք ունեցել։ Գալիս են, ասում են՝ ուզում ենք 100 մլն դոլարի ներդրում անենք։ Ասում եմ՝ հա, շատ լավ է։ Ասում են՝ բայց Կառավարության երաշխիք է պետք։ Է, Կառավարության երաշխիքով ով էլ ասես, կանի 100 մլն ներդրում։ Որովհետև դա նշանակում է, որ, եթե ձախողվեց, վնասները պետք է Կառավարությունը, այսինքն՝ ժողովուրդը փակի»։

Ինչ վերաբերում է առաջարկներին, վարչապետը նշեց, որ հիմա սահմանադրական հնարավորություններ չկան դրանք ներառելու համար, բայց իրենք ցանկացան տեսնել, թե ինչ առաջարկներ կան։ Բայց նաև նշեց, որ հնչեցված առաջարկներն էլ տոտալիտար կառավարման, սուպերվարչապետական համակարգի տրամաբանության շրջանակներում են։

Տեսանյութեր

Լրահոս