«Հա բա, իշխանություն չենք. Մենք Կառավարություն ենք, մենք իշխանություն չենք։ Իշխանությունը ՀՀ քաղաքացին է». Նիկոլ Փաշինյան
«Մեր հեղափոխությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որ քաղաքացին ինքն իրեն հավատացել է, և մենք հպարտ ենք, որ կարողացել ենք քաղաքացուն ներշնչել այդ վստահությունը, որ ինքն իրեն հավատա։ Եվ մենք հիմա հատուկ պատասխանատվություն ունենք, որպեսզի կարողանանք քաղաքացուն օգնել, որ ինքն իրեն ու իր ուժերին հավատա։ Եվ մեր պատասխանատվությունը հիմա կրկնակի մեծ է։ Մենք՝ որպես պաշտոնյաներ, պետք է առավել ուշադիր լինենք մեր ամեն ասած խոսքի, մեր ամեն շարժուձևի, մեր կերածի, մեր հագածի, մեր խմածի, մեր դեմքի արտահայտության նկատմամբ»,- Կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց նաև, որ իրենք քաղաքացուն ասում են, որ նրանք այլ տարբերակ չունեն, և տնտեսական հեղափոխությունն էլ պետք է հաղթեն և հաղթելու են։
«Հոռետեսական բոլոր կանխատեսումները պահեք ձեզ, որովհետև դա հին տրամաբանությունն է, որ լինելու է վատ կամ ավելի վատ։ Չի լինելու վատ կամ ավելի վատ։ Լինելու է լավ և ավելի ու ավելի լավ, և այդպես՝ անընդհատ։ Բայց սրա համար ամեն քաղաքացի ա՛յ այս հաղթանակը, այս մտածողությունը պետք է իր մտքում կրի։ Մեզ ասում են՝ քաղաքացուն ասում եք՝ դուք եք մեղավոր։ Ոչ, քաղաքացուն ասում ենք՝ դուք եք մեղավոր։ «Դուք նկատի ունենք նրանց, ովքեր անընդհատ մեզ ուզում են ասել, որ մեզ ինչ-որ մարդիկ, ինչ-որ «պապաներ» պետք է գան և մեր ժողովրդին տիրություն անեն»,- հավելեց վարչապետ Փաշինյանը։
Անդրադառնալով պատգամավորներից մեկի այն տարակուսանքին, թե ինչպե՞ս կարելի է ասել, որ իրենք իշխանություն չեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Հա բա, իշխանություն չենք։ Մենք Կառավարություն ենք, մենք իշխանություն չենք։ Իշխանությունը ՀՀ քաղաքացին է։ Սա նորությո՞ւն է որևէ մեկի համար։ Եվ դուք էլ իշխանություն չեք, դուք ընդամենը խորհրդարան եք, պատգամավոր եք, դուք օրենսդիր իշխանություն եք, բայց Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն է իշխանության աղբյուրը, փոփոխության աղբյուրը, պարտվողն անձամբ ես եմ, իսկ հաղթողը ժողովուրդն է։ Այդ պարտությունը որբ չէ, ես եմ դրա տերը։ Եվ, այո, այսօր ես սկսում եմ իմ 2-րդ ֆիզիկական ու վիրտուալ քայլարշավը դեպի տնտեսական հաղթանակ ու տնտեսական հեղափոխություն։ Եվ ով որ ուզում է անել այդ քայլը, անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհն անշեղելի է։ Մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն Հայաստանի Հանրապետության դրոշն է, և մենք քայլում ենք՝ հետևելով միայն ՀՀ դրոշին, մեր պատմությանն ու մեր ապագային, և մենք տեղ ենք հասնելու, և մենք հաղթանակով ենք տեղ հասնելու։ Եվ այնտեղ, որտեղ պետք է, մենք գնալու ենք մեր ժողովրդի առջևից, իսկ որտեղ պետք է՝ հետևից։ Իսկ ժողովուրդը միանշանակ հաղթելու է, և ժողովուրդը կարող է անել տնտեսական հեղափոխություն, և Կառավարությունը պատրաստ է ժողովրդին առաջնորդել դեպի տնտեսական հեղափոխություն։ Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ այսօր արդեն ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։