«Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է մեղադրական կողմի վկան, և նրա ցուցմունքները չեն կարող էական նշանակություն ունենալ այս գործի իրական հանգամանքների բացահայտման համար». «Մանախ» մականունով Արթուր Այվազյան
Երեկ՝ փետրվարի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, տեղի է ունեցել 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
Այս դատական նիստն ուշագրավ էր նրանով, որ պետք է հարցաքննվեր այդ միջադեպի առանցքային վկաներից մեկը՝ ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն վերջինս չէր ներկայացել, քանի որ գտնվում էր ԱԺ-ում, ներկայացնում էր կառավարության ծրագիրը։ Դատավորի մեկնաբանմամբ՝ նիստի օրը նշանակելիս Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, ու իրենք չգիտեին, որ այդ օրը չորեքշաբթի է լինելու, և արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է խորհրդարանում։
Դատական նիստի ընթացքում Արթուր Այվազյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է մեղադրական կողմի վկան, և նրա ցուցմունքները չեն կարող էական նշանակություն ունենալ այս գործի իրական հանգամանքների բացահայտման համար, այնինչ Դատախազությունը պնդում է, որ վկա Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի, և նրանց այդ դիրքորոշումը իրենք՝ որպես քրեադատավարական կողմ, հարգում են։
Զինված հարձակում մեր թիմի վրա։
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 31. März 2017
Նա նաև արժանահավատ չհամարեց դատավորի բացատրությունը՝ նշելով, որ բոլորն էլ գիտեին, որ այդ ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ապագա վարչապետն է, բացի դրանից էլ, հնարավոր էր նայել ու տեսնել, որ դատական նիստի օր նշանակված փետրվարի 13-ը չորեքշաբթի օր է, ապա հավելեց, որ ինքը չի պատրաստվում 7 տարի այսպես անօգուտ գնալ ու գալ դատարան, և կոչ արեց դատարանին հետևողակական լինել Դատախազության միջնորդության պայմանների բավարարման առումով, այն է՝ Քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով ապահովել վկաների ներկայությունը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պաշտպանական կողմը չի պնդում, որ այդ վկայի հարցաքննությունը տեղի ունենա։
Դատարանն այնուամենայնիվ որոշեց հաջորդ դատական նիստի նախնական օր նշանակել 2019թ. մարտի 5-ը՝ հույս ունենալով մինչ այդ կազմակերպել վարչապետի հարցաքննությունը վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե Նիկոլ Փաշինյանն ահազանգել է և հայտնել, որ Երևանի Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:
Նշվում էր նաև, որ դեպքի վայրում կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ, և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա., որը հենց «Մանախ» մականունով Արթուր Այվազյանն է:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի և 235-րդ մասի 1 մասի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»: