
Արարատ Միրզոյանը կառավարության ծրագրի հաջողությունը կապում է քաղաքացիների հավատի և մասնակցության հետ

ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը կիրականանա, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ելույթների ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին մենք կարող ենք կանգնել և այս ծրագիրը կիրականանա միայն մեկ դեպքում, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի կառավարությանը ապահովել սա՝ կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, և թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,- ասաց Միրզոյանը:
Օրենսդիր մարմնի խոսնակն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե կառավարության ծրագրում չկան հստակ թվեր ու ժամկետներ: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: Ո՞ւր են ձեր թվերը, իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում և քանի՞ ջրամբար եք դուք կառուցելու: Այս հարցերի պատասխանները կառավարության ծրագրում, այո, չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են»,- նշեց ԱԺ նախագահը: