ԲԱՏԷ-«Արսենալ». կկրկնվի՞ պատմությունը
2 տարի առաջ Եվրոպայի լիգայում ԲԱՏԷ-ն խոշոր հաշվով պարտվեց «Արսենալին»: Պե՞տք է արդյոք սպասել նման հանդիպման նաև այսօր:
ԲԱՏԷ
ԲԱՏԷ-ն հայտնվել էր բավականին անհարմար խմբում: L խումբն ուներ հետևյալ տեսքը՝ «Չելսի», ՊԱՕԿ, ԲԱՏԷ, «Վիդի»: Վերջին տուրից առաջ ԲԱՏԷ-ի՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, մեղմ ասած, քիչ էին. պետք էր տանը հաղթել ՊԱՕԿ-ին: Ալեքսեյ Բագիի թիմը, սակայն, շատ վստահ հանդես եկավ և հաղթեց մրցակցին 3:0 հաշվով՝ դրա միջոցով նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր:
Ազգային առաջնությունում ԲԱՏԷ-ն բավականին արագ կարողացավ ամրագրել չեմպիոնի տեղը՝ իր մոտակա մրցակցին՝ «Շախտյորին», հետ թողնելով 9 միավորով:
Եվրոպա լիգայի խաղին ԲԱՏԷ-ն պատրաստվում է ընկերական խաղերի միջոցով:
«Արսենալ»
«Արսենալը» բավականին հանգիստ դուրս եկավ խմբից, չպարտվեց ոչ մի խաղում, և ոչ մի մրցակից այդպես էլ չկարողացավ մրցակցություն ստեղծել Ունայի Էմերիի թիմի համար:
Միայն «Սպորտինգն» էր, որ պայքարեց և կարողացավ խլել միավորներ լոնդոնյան թիմից՝ գոլազուրկ ոչ-ոքիի միջոցով:
Ունայի Էմերիի սաները, սակայն, իսկական պայքար են մղում Պրեմիեր լիգայում: Լավագույն քառյակում հայտնվելու համար պայքարում են մի քանի թիմեր, և այս պահին «Արսենալը» մի փոքր զիջում է իր մրցակիցներին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Վերջին տուրում «Արսենալն» առանց մեծ դժվարությունների հյուրընկալվելիս հաղթեց «Հադերսֆիլդին» (2:1)` դրանով իսկ ընդհատելով երկու անընդմեջ պարտությունների շարքը:
Լոնդոնյան ակումբն արդեն իսկ ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կմասնակցեն առաջիկա խաղին:
«Արսենալի» կազմը՝ Պետեր Չեխ, Բերնդ Լենո, Մոհամեդ Էլ-Նենի, Լորան Կոսյելնի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազետ, Լուկաս Տորեյրա, Ստեֆան Լիխշտեյներ, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, Մեյթլենդ Նիլս, Ալեքս Իվոբի, Նաչո Մոնրեալ, Շկոդրան Մուստաֆի, Դենիս Սուարես, Մատեո Գենդուզի, Սաեդ Կոլաշինաց, Գրանիտ Ջակա, Էդվարդ Նկետա:
ԲԱՏԷ-ն շատ ջանքեր է ներդրել, որպեսզի խաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, այնպես որ, բելառուսական թիմը հենց այնպես չի հանձնվելու: ԲԱՏԷ-ն խմբային փուլում արդեն իսկ հանդիպել է անգլիական գրանդի՝ «Չելսիին», որը Բորիսովում բավականին լուրջ խնդիրներ ունեցավ և կարողացավ հաղթել միայն Օլիվիեր Ժիրուի գոլի շնորհիվ:
ԲԱՏԷ-ն, ամենայն հավանականությամբ, կենտրոնանալու է պաշտպանության վրա և փորձելու է գոլ բաց չթողնել սեփական հարկի տակ:
Լնդոնյան թիմն էլ խաղալու է մեծ ռոտացիայով, քանի որ այս պահին Եվրոպա լիգան ամենակարևոր մրցաշարը չէ Ունայի Էմերիի և ակումբի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչի ԲԱՏԷ- «Արսենալ» խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան