«Միգուցե փոխվարչապետը հայտարարեր, որ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանն անբարոյականություն են քարոզել». ավարտվեց Տիգրան Ավինյանի հայցով 1-ին դատական նիստը
Քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիզ Մուրազիի՝ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը։
Politik.am լրատվամիջոցի դեմ գործով դատաքննությունն իրականացնում է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը։
Հիշեցնենք, դատարանում վիճարկման ենթակա Politik.am-ի հրապարակման մեջ նշվում էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարությունում իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին մարիխուանա է օգտագործել, ինչի մասին իմացել է նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել»,- գրել էր աղբյուրը։
Այսօր, թերևս, նախնական դատական նիստն էր, որի ընթացքում կողմերն ըստ էության պիտի ծանոթային դատարանում վիճարկվող պահանջին և դրա վերաբերյալ ներկայացվող հիմնավորումներին։
Դատարանում փոխվարչապետի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Կարապետյանը հաայտարարեց, որ ծանոթ չէր պատասխանող կողմից ներկայացված նյութերին ամբողջ ծավալով, ինչի համար ժամանակ է հարկավոր։
Իսկ Տիգրան Ավինյանի պահանջը՝ դատարանից և պատասխանող կողմից, մնում է նույնը, ինչը ներկայացված է դատական հայցում։ Բարձրաստիճան պաշտոնյան դատարանից պահանջում է հերքել իր անձի վերաբերյալ զրպարտություն համարվող՝ կայքի հրապարակած տեղեկատվությունը, և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը: Փոխվարչապետը 2 միլիոն դրամ է պահանջել լրատվամիջոցից:
Պատասխանող կողմի շահերի պաշտպան «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպությունից՝ փաստաբան Արման Գրիգորյանն ի պատասխան պնդեց, որ կայքի հրապարակման համար լրագրողի ձեռքի տակ եղել են բոլոր բավարար հիմքերը տեղեկատվությունը հրապարակելու համար, ուստի պատասխանող կողմն առարկում է հայցը և պատրաստ է դատարանում մինչև վերջ ապացուցել հրապարակված տեղեկատվության ճշմարտացիությունը։
Կողմերին լսելուց հետո դատավոր Գ. Բալյանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդ նիստի քննարկման օր նշանակեց մարտի 25-ը։
Նիստից հետո 168.am-ի հետ զրույցում Politik.am կայքի հիմնադիր խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ ինքը չի կիսում փոխվարչապետ Ավինյանի ընկալումը, թե հրապարակումով վիրավորել է նրա արժանապատվությունը. «Մենք չենք համարում, որ մարիխուանա ծխելու մասին մեր հրապարակումը արատավորել է Ավինյանի պատիվն ու արժանապատվությունը։
Նա կարող է նման պնդում իրեն թույլ տալ, եթե հստակ հայտարարեր, որ իր կուսակիցներ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանն անբարոյականության քարոզ են արել, երբ հրապարակային խոսել են մարիխուանայի օգտագործման օրինականացման անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է հայցով մեր դեմ ներկայացված ֆինանսական պահանջին, ապա ես կարծում եմ՝ Ավինյանը չի կարողանա մեզանից գումար ստանալ, եթե դատարանի վիա ճնշում չլինի։ Ուստի առաջարկում եմ իրեն՝ պետական միջոցներից գրանտ ստացող իր ընկերության միջոցների հաշվին վճարել լրատվության ֆակուլտետում սովորող ուսանողների վարձերը, որը խոստացել էր անել մեր հաշվին՝ դատարանով գանձելու միջոցով»։
Սյուզի Բադոյան