Նախորդ տարի կալանքը որպես խափանման միջոցի կիրառելու միջնորդությունների քանակը նվազել է 30 տոկոսով
Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018 թ. ընթացքում դատարան է ներկայացվել խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«2017 թ. ներկայացվել էր 363 նման միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Երկու տարիների համեմատական վերլուծությունը վկայում է, որ՝
ա. 2018թ. ընթացքում դատարան ներկայացվող՝ կալանքը որպես խափանման միջոցի կիրառելու միջնորդությունների քանակը նվազել է 108-ով կամ գրեթե 30 տոկոսով,
բ. նման նվազման պայմաններում դատարանների կողմից միջնորդությունների բավարարման ցուցանիշն ավելացել է 2.3 տոկոսային կետով»,- գրել է Աբրահամյանը:
Նրա խոսքով` նման տենդենցը դրսևորվել է ոչ միայն Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերի պարագայում, այլ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներում:
«Այսպես՝ 2018 թ. ընթացքում այս շրջանակում դատարաններ է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 1032 միջնորդություն՝ այն դեպքում, երբ 2017 թ. ընթացքում ներկայացվել է 1220 նման միջնորդություն: Այսինքն՝ 2017-ի համեմատ նման միջնորդությունների թիվը նվազել է 188-ով կամ 15.5 տոկոսով: 2018 թ. ներկայացված 1032 միջնորդություններից բավարարվել է 1027-ը կամ 99.5 տոկոսը: 2017 թ. դատարանների կողմից մերժվել է ներկայացված 1220 միջնորդություններից 25-ը կամ 2 տոկոսը: Այսինքն՝ բավարարման ցուցանիշը 2017 թ. համեմատ ավելացել է 1.5 տոկոսային կետով:
Ընդ որում՝ ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության և կայազորների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով 2018 թ. ընթացքում մերժված 5 միջնորդություններից 4-ի դեմ դատախազների կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որոնցից 2-ը բավարարվել է (40 տոկոսը), այն դեպքում, երբ 2017 թ. ներկայացված 25 մերժված միջնորդություններից 14-ի դեմ է վերաքննիչ բողոք տարվել, որոնցից ընդամենը 1-ը՝ 7.2 տոկոսն է բավարարվել»,- գրել է Աբրահամյանը: