Իրանի նախագահը լավ նորություն է համարել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է հավատալ Վաշինգտոնի խոստումներին: Այդ մասին ասված է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Վերջերս նրանք հայտարարեցին, թե ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Սիրիայից, եթե ճիշտ են ասում, ապա դա լավ նորություն է»,-ասել է Ռոուհանին Սոչի մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Սիրիային նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու այսօր:
Միեւնույն ժամանակ Իրանի նախագահը հավելել է. «Մենք երբեք չենք կարող վստահել ամերիկացիների խոսքերին ու խոստումներին»: Նա նաեւ նշել է, որ Իրանը կարեւորում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, ինչի կապակցությամբ հայտարարել է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք է վերահսկվի Դամասկոսի կողմից: Նախագահը հավելել է, որ հենց Սիրիայի կառավարությունը պետքէ երկխոսություն վարի քրդերի հետ:
Սիրիայում դրված նպատակների թվում Ռոուհանին նշել է օտարերկրյա զորքերի դուրսբերումը, փախստականների վերադարձը, ինչպես նաեւ երկրի վերականգնումը: Նա արծարծել է նաեւ իրադրության քաղաքական կարգավորման հարցը, հայտնելով, որ Սոչիի գագաթնաժողովում քննարկվելու է սահմանադրական կոմիտեի ձեւավորումը:
Նախագահը Աստանայի ձեւաչափը (Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա) տարածաշրջանային խնդիրների լուծման լավ մոդել է համարել, հայտարարելով, որ երեք երկրները կշարունակեն աշխատանքը մինչեւ Սիրիայում անվտանգության վերականգնումը: Միեւնույն ժամանակ Ռոուհանին նշել է, որ Սիրիայի ապագան իրենց իսկ սիրիացիների ձեռքում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին