Պեկինում սկսվել են առևտրական տարաձայնությունների շուրջ ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները
Պեկինում փետրվարի 14-ին մեկնարկել է առեւտրական տարաձայնությունների շուրջ երկօրյա ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլը։ Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ամերիկյան կողմից դրանց մասնակցում են ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ երկուշաբթի սկսված նախնական բանակցությունները «շատ լավ են ընթանում»: Նա նշել է, որ չինական կողմը «ապշեցուցիչ հարգանք է դրսեւորում մեր նկատմամբ»:
Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ է սահմանել մարտի 1-ը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս:
Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել է, որ գործարքը պետք է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ: Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չէ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: