«Ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել». Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի մասին

«Տնտեսական հեափոխությունը իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը: Հետևաբար՝ կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու, և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություն ստեղծելու մեջ»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ծրագրի քննադատություններին և նշեց, որ սա է պատճառը, որ այն հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվերն էլ բավականին համեստ են:

Ըստ Փաշինյանի՝ սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կօգտվի տնտեսական հեղափոխության հարթակից:

Վարչապետի խոսքով՝ իրենք հավատում են, որ նման քաղաքացիները միլիոններ կլինեն, բայց չեն պատրաստվում կանխատեսումներով վիրավորել նրանց կամքի ազատությունը.

«Եվ ոչ մի ամոթ բան չկա նրանում, որ չենք կարող կանխատեսել»:

Նույն կերպ, ըստ նրա, թվեր չկային «Քաղաքացիական պայմանագրի« հիմնարար փաստաթղթում, որը ստեղծվելով 2013-ին, 2018-ին դարձավ հեղափոխության հենքը:

Ըստ նրա՝ իրենք մերժել են սոցիալիզմն ու մյուս գաղափարախոսություններն ու ստեղծել են նոր մտածողություն և մտածողության ուրիշ հարթությունում են գործելու.

«Եվ մեր վրա ծիծաղում էին: Եվ տեղի ունեցավ էն, ինչ Մահաթման Գանդին ինչ-որ մի առիթով ասել էր՝ սկզբում քեզ վրա ծիծաղում են, հետո դու հաղթում ես: Հիմա էլ մեր տնտեսական ծրագրի վրա են ծիծաղում: Էն ժամանակ էլ մեզ ասում էին՝ դե ասեք ինչպե՞ս եք անելու ձեր թավշյա հեղափոխությունը, կոնկրետ ե՞րբ, որտե՞ղ, տարվա ո՞ր եղանակին:

Այն ժամանակ մենք նույնպես հիմնականում խուսափում էինք կոնկրետ թվեր ասելուց, մենք պարզապես հավատում էինք, որ ՀՀ հարյուր հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներ արձագանքելու են մեր կոչին, բայց չէինք համարձակվում կանխատեսել, գուցե նաև չէինք կարող կանխատեսել ու սրանում ամոթալի ոչինչ չկա:

Հենց սրանում է հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխության հմայքը, որ այն մնացել է անկանխատեսելի Հայաստանի և աշխարհի բոլոր առաջատար քաղաքագետների, վերլուծական կենտրոնների և նույնիսկ հատուկ ծառայությունների համար:

Այսինքն՝ աշխարհում չի եղել որևէ քաղաքագետ, վերլուծական կենտրոն, հատուկ ծառայություն, որևէ մտքի տիտան, որոնք զբաղվել են Հայաստանով և իրենց երկրի ղեկավարներին հաստափոր զեկույցներ են ներկայացրել Հայաստանի մասին, մի կանխատեսում անգամ չի եղել: Նաև հենց սրա արդյունքում մեր հեղափոխության հաղթանակը դարձավ առավել շռնդալից, առավել ցնցող և առավել տպավորիչ: Եվ հետևաբար, մենք այդպիսի կանխավարկածով ենք մոտեցում հայկական տնտեսական հեղափոխությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս