Բաժիններ՝

«Կառավարության ծրագիրը կարելի էր գնահատել ընտիր, ասենք, Կարեն Կարապետյանի կառավարության համար». Հայկ Բալանյան

Տնտեսագետ Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության ծրագիրը կարելի էր գնահատել ընտիր, ասենք Կարեն Կարապետյանի կառավարության համար: Ներկայացված փաստաթուղթը բարեխղճորեն շրջանցել է բոլոր արմատական, համակարգային փոփոխությունների հնարավորությունը, իսկ քաղաքական խնդիրները ձևակերպված չեն: Խոսքը ոչ միայն Սահմանադրության կամ քաղաքական բարեփոխումների հարցերից խուսափելու մասին է: Տնտեսական զարգացման հատվածում առկա է ամեն ինչ, բացի հստակ նպատակի ձևակերպման, թե ի վերջո մենք ինչ երկիր ենք ուզում, ինչ քայլեր են արվելու, որպեսզի հին համակարգը վերափոխվի նորով:

Այդ հարցադրումները նեղ բյուջետային մտածողության սահմաներում լուծելն անհնար է, և տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխությունը արվել է մի թիմով, իսկ հեղափոխական գործընթացի բարեփոխումները իրականացվում են այլ թիմով, հասկանալի հետևանքներով:

Ծրագրի տնտեսական բլոկում համակարգային փոփոխություններ չկան, իսկ ժամանակի ձգումը հանգեցնելու է նրան, որ երբ իշխանությունների վարկանիշի իջնի, ապա արմատական բարեփոխումների համար այլևս քաղաքական ռեսուրս չի լինելու: Ծրագրում ուղղակի չկա այն գիտակցությունը, որ երկիրը մնում է Քոչարյանական-Սարգսյանական սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական բուրգի ներքո. գերհարուստներով, գերաղքատներով, խոշոր խաղացողների գերիշխանությամբ, երբ ազգային եկամտի 80 տոկոսը տնօրինում են մի 100 ընտանիք, իսկ միջին դասակարգը թույլ է, չկա գիտակցություն, որ այդ կուռ, խնամի-քավոր-ազգական դասակարգի աչքերում այս իշխանությունը ընդամենը մի անհեթեթ պատահականություն է, և երկրի տնտեսական տերերը ընդամենը սպասում են հարմար առիթի, որ վերադարձնեն իրենց տնտեսական դիրքին համարժեք քաղաքական իշխանությունը:

Տպավորություն է, որ հեղափոխության կիսատությունը, անավարտությունը հետևանք է այն վախերի, որ «պրոֆեսիոնալները» ներդրել են քաղաքական ղեկավարության մեջ իրենց շահերից ելնելով, իսկ քաղաքական ղեկավարությունը մոռացել է, որ քաղաքական, նաև անձնական պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա, ոչ թե «պրոֆեսիոնալների»:

Մեր երկրի կապիտալի, սեփականության մի ստվար բաժինը լեգիտիմ չէր, և այդ իսկ պատճառով լեգալ չէ: Որպես հետևանք ունենք կապիտալի զանգվածային արտահանում:
Ընդ որում, եթե ընդունենք, որ այդ կապիտալի համար աշխատելու տեղ չկա երկրում, ապա տրամաբանական կլիներ կապիտալը արտահանել օրինական ճանապարհով, այսինքն գրանցել ներդրումների դրսում, որպես հայկական ընկերությունների՝ գլխամասի դուստր ձեռնարկություններ: Արդյունքնում մենք կունենային այսպես կոչված «երկրորդ տնտեսությունը», որը կաշխատեր դրսում, իսկ ղեկավարումը և ի վերջո ֆինանանսական հոսքերը կհոսեին մեր երկիրը: Այդպես չի արվում, կապիտալը ուղակի թաքցվում է, և հանձնվում է այլ երկրների իշխանությունների արդարադատությանը :

Կապիտալի արտահանումը երկրից դուրս ոչ միայն թույլ չի տալիս զարգանալ տնտեսությանը, այլև մեր կապիտալի արտահանողներին դարձնում է էլ ավելի կապված ու խոցելի այլ երկրների իշխանություններից, և էլ ավելի վտանգավոր երկրի պետականության համար:

Իսկ սա արդեն քաղաքական, ինքնիշխանությանը վտանգող հանգամանք է:
Նաև ներհայկական համակարգային խնդիր է, որովհետև չբացահայտված, չլեգալիզացված ահռելի հարստությունը, եթե իրավական առումով չի մաքրվել, միշտ փորձելու է իր պաշտպանությունը գնտել քաղաքական կյանքում՝ իր անմիջական, առանց միջոնրդների դերը և ներկայությունը ապահովելով: Մի գուցե քաղաքական ուժերին պետք է այդ միջնորդ դերը՝ բիզնեսը պատանդ պահելու համար, բայց այդ ոչ լեգալ հարստությանը միջնորդներ պետք չեն:
Կապիտալի լեգալիզացման ու լեգալացման խնդիրը չի լուծվել, այն մնացել է:

Այս իրողությունը պահանջում է ներքին խոսակցություն և իրավական-քաղաքական գործընթաց, որի նպատակը պիտի լինի ոչ թե կապիտալի պետականացումը, այլ կապիտալի «մաքրումը», հայ կապիտալի ազգային դարձնելը, հասարակության հետ հաշտեցումը, ֆինանսական համաներումը, և կապիտալի լեգիտիմացումը և հետևաբար լեգալացումը:

Պետությունը՝ արգելելով օֆշոր, անանուն սեփականության պահպանումը և/կամ ձեռներեցությունը մի կողմից, պիտի ներկայացնի պարզ ու թափանցիկ ընթացակարգ, որով սեփականությունը կկարողանա լեգալացվել ու փակել պատմության այդ էջը:

Այն բիզնեսը, որը սահմանված ժամկետում չլեգալացվեց, չբացահայտվեց՝ պիտի ազգայնացվի: Ընդ որում, ինչպես կարևոր է բիզնեսի ու հանրության հաշտեցման գործընթացը, նույնքան կարևոր է չհաշտված «բիզնեսի» ազգայնացումը:

Հարկային բարեփոխումների հատվածում կա ամեն ինչ բացի մեկ պարզ որոշումից, որը յուրաքանչյուր զարգացած կամ զարգացմանը ձգտող երկիր կիրառում է՝ գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրում:

Որոշ մարդիկ պատճառաբանում են, թե մեր տնտեսությունը զարգացած չի, ապարատը պատրաստ չի, ու այդ իսկ պատճառով հարկային համակարգը իբր ադապտացվում է այդ տնտեսական իրավիճակին: Բա եթե տնտեսությունը զարգացած չի, ապա որն է համահարթ հարկման իմաստը, որն է նվազագույն շեմի բացակայության ու բարձր եկամտահարկի դրույքաչափերի իմաստը: Ճիշտ հակառակը, հարկային համակարգը պիտի էլ ավելի ադեկվատ լիներ ու հաշվի առներ սոցիալական հանգամանքները: Բայց այդպես չէ:

Հայաստանի տնտեսությունը գտնվում է արդեն այն մակարդակում, որ ոչ թե պետք է սպասել տնտեսության աճին, որ ներդրվի համընդհանուր հայտարարագրումը, այլ հակառակը, համընդհանուր հայտարարագրումը կխթանի սոցիալական ուղղվածություն ունեցող, այսինքն հենց ներառական տնտեսական աճը:

Ավելին, մեր հարկային համակարգը տեխնիկապես և կադրային առումով լավ պատրաստված է, հագեցած էլեկտրոնային գործիքներով ու հասել է համընդհանուր հայտարարագրման ներդման շեմին: Հասել է և կանգ առել իր զարգացման տրամաբանական փուլից առաջ: Եվ խնդիրը բնավ տեխնիկական չէ, չնայած տեխնիկական խնդիրները «պրոֆեսիոնալները» պարտավոր են լուծել, եթե կա քաղաքական որոշում: Բայց եթե չկա քաղաքական որոշումը, ապա պիտի լինի նաև քաղաքական բացատրությունը, թե ում շահերից է բխում չբացահայտել ու չհարկել դոլարային միլիոնատերներին:

Ինչպե՞ս կարելի է անուղակի հարկերի միջոցով հասնել «վճարունակ հարկ վճարողներ» կարգավիճակին, կամ ուղակի հասկանալ, թե հարկատուն իր խնամակալության տակ գտնվող ընտանիքով ինչ եկամուտներ ունի, ինչպես կարելի է իրականացնել հասցեական սոցիալական քաղաքականություն, եթե որոշվել է նվազեցնել ուղղակի հարկերի բեռը՝ ի հաշիվ անուղղակի հարկերի, եկամտահարկը համահարթեցված պիտի լինի, և չկա հայտարարգրման մեխանիզմ:

Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել. ուղղակի ճիշտ հակառակը: Անուղակի հարկերի վրա կենտրոնանալը նշանակում է հենց բիզնեսի ու բնակչության հարկում, իսկ ուղղակի հարկերի բազան եկամուտն է և հարստությունը:

Ճիշտ հակառակը, եթե ուզում եք հարկել սպառումը, ապա անհրաժեշտ է հարկել թանկ մեքենաները ու բազմիլիոնանոց վիլլաները, նվազագույն կամ միջին շեմից բարձր սպառումը, շքեղ կյանքը, և ոչ թե բնակչության սպառումը: Գրված ծրագրի կարգախոսները ու փաստացի առաջարկվող մոդելները ուղակիորեն իրար հակասում ու գտնվում են հին քաղաքական-տնտեսական կարգի ծայրահեղ աջ գծի մեջ:

Ծրագրում ևս կարգախոսներ կան. «տնտեսության մրցակցային առավելությունների ընդլայնմամբ գլոբալ մրցունակության բարձրացում», «տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը»: Նաև հայտարարվում է, որ բանկային վարկա¬վորման խոչընդոտների նվազեցումը պետք է լինի Կառավարության և ՀՀ կենտրո¬նական բանկի համագործակցության հաջորդ կարևոր հարցը։

Ըստ պաշտոնական թվերի ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկում տարբեր թվերին 1-1.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ Հայաստանից արտերկիր է փոխանցվում մոտ մեկ միլիարդ:
Արտագնա աշխատանքի մեկնողները, որ վերադառնում են երկիր նոյեմբեր-դեկտեմբերին, որ Նոր Տարին տունը անեն, որ գարունը նորից մեկնեն, իրենց հետ բերում են զգալի կանխիկ գումարներ, որոնցով ընտանիքը ապրում է այդ ձմեռային ամիսներին, այդ գումարներով տուն են առնում, ավտոմեքենա: Կանխիկ, դեկտեմբերին թե հուլիսին բերված գումարները առնվազն կրկնակի շատ են բանկային համակարգի միջոցով ուղարկված գումարներից:

Եթե հաշվի առնենք այդ իրողությունը ապա ստացվում է հետևյալը. մեր անվանական 11 մլրդ դոլար ՀՆԱ-ի մեջ աշխատավարձերը(տրանսֆերները), որոնք ստացվում են նույն Ռուսաստանում նոմինալով կազմում են մոտ մեկ երրորդից ոչ պակաս թիվ: Մեր տնտեսությունը այս իմաստով ռուսական տնտեսության կցորդն է:

Դրամի արժեզրկման դեմ արտահայտվողները մի փաստարկ են բերում, թե ներմուծվող ապրանքները կթանգանան, ինչը սոցիալական խնդիրները է առաջացնելու:

Բայց մեր պարագայում արտագնա աշխատանքի մեկնողները և ազգականները դրսից փողը ուղարկում(բերում) են տուն, որից գերարժեվորված ազգային դրամի միջոցով տարվում է աշխատավարձերի, հետևաբար գնողունակության մի էական մասը, իսկ տեղական արտադրանքը համապատասխան ավելի թանգ է ներմուծվածից: Մենք ազգային դրամ ունենալու առավելություններից չենք օգտվում, իսկ ազգային դրամ ունենալու առավելությունը դարձել ենք զարգացման խոչընդոտ:

Վարվող քաղաքականությունը արդեն իսկ ունի հակասոցիալ բնույթ: Մեր գները արդեն իսկ լիովին համարդելի են մեզնից զարգացած երկրների գների հետ, իսկ եկամուտները՝ ոչ: Բա էլ ու՞ր մնաց գերարժեվորված դրամը պահպանելու իբր սոցիալական նպատակը:

Դրամի դեվալվացիայի դեպքում ներմուծված ապրանքների գների աննշան աճը ներմուծված ապրարքների մասով լիարժեք կոմպեսացվելու է այդ նույն Ռուսաստանից և այլ երկրներից ստացվող տրանսֆերների գնողունակության աճով, իսկ դրանք մեր եկամուտների ահռելի բաժինն են կազմում, այդ ազդեցությանը պետք է գումարենք նաև հայկական արտադրանքի էժանացման արդյունքը, փոխարժեքի փոփոխության հաշվին արտահանողների աճած եկամուտները, և արտահանման աճի հնարավորության հետևանքը:

ՌԴ-ն, Վրաստանի, ՈՒկրաինայի, Թուրքիայի, և նույնսիկ Ադրբեջանի ազգային փողերը արժեզրկվել են և բոլորի ապրանքները մեր ծանր դրամի պատճառով մեր նկատմամբ ունեն մրցակցային առավելություն: Եթե մենք իսկապես ուզում ենք զարկ տանք ներքին արտադրությանը և արտահնմանը, ապա դրամի արժեզրկումը այլընտրանք չունի:

Դրամավարկային քաղաքականությունը տարիներ ի վեր վարվել է ներկրողների շահերից ելնելով, ու Կառավարության ծրագրում այդ համակարգային ներդրված արատի մասին մեկ բառ ասված չի: Ծրագրում գրված է. «Հայաստանի տնտեսության մեջ զբաղվածների արտադրողականությունը չպետք է զիջի մեր առևտրային գործընկերների ցուցանիշներին։» Հրաշալի է: Իսկ հարկային բեռին և ազգային արժույթներին ևս չպետք է՞ զիջեն:

Տնտեսական բաժինը նայելուց հետո արդեն տարօրինակ չէ, որ քաղաքական նպատակներ Կառավարության ծրագրում չկան: Գործում է այլ տրամաբանություն, որը 90-ին արդեն տեսել ենք. ազատական տրամադրված մտավորականները, գիտաշխատողները հանկարծ որոշեցին կապիտալիզմի պաշտպան դառնալ ու քանդեցին այն դասը, որի ներկայացուցիչն էին, որ կառուցեն կապիտալիզմ: Իրենք կապիտալիստ չդառան, բայց տնտեսական ու հետագայուն քաղաքական իշխանությունը հանձնեցին ուրիշներին՝ ոչնչացնելով միջին դասակարգը: Այս ծրագրում կարծես թե նույն տրամադրությունն է. հիմնվել ոչ թե հեղափոխության հենարան հանդիսացած զանգվածի վրա, այլ գալ համաձայնության բիզնես խավի և ապարատի, «պրոֆեսիոնալների» հետ: Ավարտվելու է նույն արդյունքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս