
Լիբանանի նախագահն Իրանին հորդորել է օժանդակել Սիրիա փախստականների վերադարձին

Իրանը պետք է իր դերը խաղա սիրիացի փախստականների հայրենիք վերադառնալու գործընթացում: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Բեյրութում կայացած հանդիպումից հետո: «Իրանն իր դերն ունի փախստականների վերադարձին օգնելու գործում:
Նոր կառավարությունը հատուկ նշանակություն կտա այդ հարցին»,-Աունի խոսքը մեջբերում է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Զարիֆն իր հերթին Իրանի նախագահից բանավոր ուղերձ է փոխանցել Աունին: «Մենք կրկին ձեզ հրավիրում ենք այցելել Իրան: Եվ ձեզ բարօրություն ենք մաղթում Լիբանանի կառավարման գործում»,-ասել է նախարարը:
Զարիֆը նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Լիբանանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներով: Նա նշել է, որ երկու ժողովուրդների լավ հարաբերությունները միայն նպաստելու են երկուստեք դրական արդյունքների հասնելուն:
Իրանի արտաքին գործերի նախարարը փետրվարի 10-ին Լիբանան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Միշել Աունի եւ կուսակցությունների ու դիմադրության շարժումների առաջնորդների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: