
Հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը կհրապարակվի փետրվարի 11-ին

ԱՄՆ քաղաքացի, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի վերաբերյալ դատավճիռը Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը կհրապարակի փետրվարի 11-ին:
Օքսուզն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքում:
«Օքսուզի դատավճիռը հրապարակվելու է Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանի կողմից 2019 թ. փետրվարի 11-ին: ԱՄՆ արտաքին գործերի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը, համագործակցելով Հայաստանի իշխանությունների հետ, զգալի աջակցություն են ցուցաբերել արտահանձնման գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քևին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով նրան հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին: ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում: