ՏՄՊՊՀ-ը հրապարակել է ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:

Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը, տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը,  օրվա որոշակի ժամերի  հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են: Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը  ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.

Խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով

Ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա  ցուցանիշը։  Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն  հատ ձու՝ նախորդ տարվա 15.8 միլիոնի  փոխարեն։

Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից տվյալ ոլորտում գործունեություն են իրականացնում նաև շուրջ 20 փոքր և միջին ընկերություններ:

Արտադրական ծավալների աճին զուգահետ տեղի է ունեցել ներմուծման ծավալների կտրուկ նվազում

Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:  Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ  2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում:

Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է  35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից  բավարարվել է ընդհամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում  նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին ներմուծվել է ընդամենը  302 հազար 400 հատ ձու:

Արդյունքում, եթե 2017-ի դեկտեմբերին շուկա է  հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա  ծավալների որոշակի խնդիր է առաջացրել ։

Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել

Հանձնաժողովը կատարել է նաև գնագոյացման ուսումնասիրություններ,  պարզելու՝ արդյոք  առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ  ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում:

Մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել

Ըստ Հանձնաժողովի գնահատականի, տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման:  Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների և մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման և չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երևույթների կանխարգելման և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս