
«Մենք պետք է Վրաստան վերադարձնենք մեր 1-ից մինչև 1,5 միլիոն համաքաղաքացիներին». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ առայժմ նախադրյալներ չի տեսնում հայրենիք վերադառնալու համար։«Այսօր հայրենիք մեր վերադարձի համար իրադրությունը հարմար չէ, մենք առաջիկա շաբաթներին եւ ամիսներին պետք է նախապատրաստենք դա, քանի որ չի կարելի դրսից նայել մեր երկրի ոչնչացմանը»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ փետրվարի 10-ին ելույթ ունենալով Բելգիայի Լիեժ քաղաքի Կոնգրեսի դահլիճում, որտեղ տեղի էր ունենում Վրացի տարագիրների համաշխարհային ժողովը՝ «Բոլորս միասին՝ տուն» նշանաբանով:
Սահակաշվիլիի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նախկին նախագահն իր կողմնակիցներին հայտնել է, որ ինքն ունի Վրաստանում «արագ իշխանափոխության» պլան, որտեղ գլխավոր դերերից մեկը կխաղան գաղթականները:
«Մենք պետք է Վրաստան վերադարձնենք մեր 1-ից մինչեւ 1,5 միլիոն համաքաղաքացիներին, իսկ դրա համար մենք պետք է ստեղծենք ֆինանսական ինստիտուտ՝ բանկ, երկրի վերածննդի համար, որտեղ գլխավոր բաժնետերերը կլինեն արտագաղթածները: Այս ամենը տեղի չի ունենա, եթե մեկընդմիշտ չազատվենք ամբողջ իշխանությունը զավթած օլիգարխից»,- հայտարարել է Սահակաշվիլին: Նա տվյալներ է բերել այն մասին, որ միգրանտները տարեկան Վրաստան իրենց ընտանիքներին ուղարկում են մինչեւ 2,5 միլիարդ դոլար, իսկ դա նշանակում է, որ փաստորեն «արտագաղթածներն են ստեղծում պետության բյուջեն», հաղորդել է «Ինտերֆաքսը»: