
Ինչպես կարելի է հեշտությամբ ազատվել ընկճախտից

Մարդիկ, որոնք առողջ սննդակարգ ունեն, անհամեմատ ավելի հաճախ են ազատվում ճնշված տրամադրությունից եւ խրոնիկական ընկճախտից, քան յուղալի եւ պարզապես վնասակար ուտելիքի սիրահարները: Այս եզրակացությանն են եկել բրիտանացի բժիշկները, որոնք հոդված են հրապարակել Psychosomatic Medicine հանդեսում։
«Մենք հերթական անգամ ցույց ենք տվել, որ կենսակերպը փոխելը կարող է մարդկանց օգնել՝ պայքարելու վատ տրամադրության եւ ընկճախտի դեմ: Մասնավորապես, մեր վերլուծությունը խոսում է այն մասին, որ այդ էֆեկտը հատկապես ուժեղ է դրսեւորվում այն դեպքում, եթե հիվանդները ոչ միայն փոխում են սննդակարգը, այլեւ սկսում են զբաղվել սպորտով»,-պատմում է Լոնդոնի Թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) աշխատակից Բրենդոն Սթաբսը:
Հետաքրքիրն այն է, որ նմանօրինակ փոփոխություններն ամենից ավելի կանանց են օգնել այն դեպքում, երբ շատ տղամարդկանց մոտ դրանք ուղղակի հակառակ էֆեկտն են առաջացրել: Ուժեղ սեռի յուրաքանչյուր հինգերորդ ներկայացուցիչն էլ ավելի խորն ընկճախտի մեջ է ընկել նոր սննդակարգի անցնելուց հետո: Բացի այդ, սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը գրեթե չեն ազդել տագնապալի վիճակների վրա, ինչի պատճառը դեռեւս հանելուկ է մնում գիտնականների համար:
«Միանգամայն հնարավոր է, որ դա ֆիզիոլոգիական պատճառներ ունի. ճիշտ սննդակարգն օգնում է ազատվել ավելորդ քաշից, ինչը նվազեցնում է բորբոքումների մակարդակն օրգանիզմում եւ մեզ օգնում է ավելի քիչ հոգնել: Այդ ամենը, ինչպես գիտենք, ազդում է նաեւ մեր հոգեկան առողջության վրա»,- ասել է Ջոզեֆ Ֆիրթը՝ Սթաբսի գործընկերը Մանչեսթրի համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: