
Արմեն Սարգսյանը և Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:
Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։
Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։
Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում: