«Ադրբեջանը պարզապես չի գա այն բանակցություններին, որտեղ ներկա կգտնվի Արցախի ներկայացուցիչը». Սուրեն Սարգսյան
«Փաշինյանի և Ալիևի միջև դեռևս բանակցային հանդիպում տեղի չի ունեցել: Դրանք ճանաչողական, ընդհանուր քննարկումներ ծավալելու նպատակով միմյանց նկատմամբ միգուցե որոշակի վստահության մթնոլորտ ձևավորելու համար նախաձեռնված հանդիպումներ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ բանակցություններ, որպես այդպիսին, վարվում են Արտաքին գործերի նախարարների միջև, ովքեր նախապատրաստում են երկու առաջնորդների բանակցային հանդիպումը:
«Կարծում եմ՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նկատեց միջազգայնագետը:
Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն՝ Սուրեն Սարգսյանն ասաց, որ այն դժվար է լինելու:
«Սա չափազանց բարդ է կյանքի կոչել, որովհետև Ադրբեջանը պարզապես չի գա այն բանակցություններին, որտեղ ներկա կգտնվի Արցախի ներկայացուցիչը: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեր իշխանությունները մինչև վերջ չեն կարողանա տանել, որովհետև Ադրբեջանը չի գնա բանակցությունների, դրանք կտապալվեն: Միևնույն ժամանակ՝ պետք է հաշվի առնենք այն, որ, երբ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան՝ անպայման հանդիպում են նաև Արցախի ներկայացուցիչներին, և այս առումով Ստեփանակերտը ներգրավված է: Այսինքն, կա բանակցային երկու ուղղություն. մեկում Արցախը չկա, մյուսում՝ կա: Հիմա, ՀՀ իշխանությունների առաջարկը տրամաբանական և շատ ցանկալի է մեզ համար, բայց դա այս պահի դրությամբ հեռու է, մոտ ապագայում դժվար է լինելու հասնել դրան:
Հետևաբար, բանակցային գործընթացը շարունակվելու է այնպես, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում: Նոր սկզբունքներ, նոր մոտեցումներ չեն լինելու: Հիմա մի քիչ դժվար է հասկանալ՝ կողմերն ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցո՞ւմ են, թե՞ չէ: Հասկանալի չէ՝ արդյո՞ք կան Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, թե՞ ոչ»,- հավելեց միջազգայնագետը:
Անի Կարապետյան