Քննչական կոմիտեն «Նաիրիտի» քրեական գործով իրականացնում է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննություն
2018թ. օգոստոսին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում քննարկում էր տեղի ունեցել՝ նախարարության, նաիրիտցիների համակարգող խմբի և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նաիրիտցիները Քննչական կոմիտեին ներկայացրել էին տեղեկանք՝ գործարանում տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ:
168.am-ը ՔԿ-ից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան այդ փաստերի ուսումնասիրության վերաբերյալ: Ի պատասխան մեր հարցման՝ ՔԿ Կոռուպցիոն, սեփականությանն ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յու. Իվանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2017թ. մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Ինչպես վկայակոչված դիմումի, այնպես էլ քննության ընթացքում ստացված մնացած դիմումներում և տեղեկանքներում շարադրված հանգամանքները ներառվել են նախաքննության առարկայի մեջ և դրանց պարզաբանման ուղղությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Բացի այդ, 2006թ. «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության օտարման, դրա դիմաց ստացված ֆինանսական միջոցների բաշխման, ինչպես նաև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող այլ հարցերի պարզաբանման համար քրեական գործով նշանակվել և իրականացվում է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննություն»,- ասված է ՔԿ պատասխանում: