
Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա նա կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում: «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։«Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ: