ԱՄՆ-ում մահացել է դեմոկրատ Ջոն Դինգելը, որը երկարամյա ծառայության ռեկորդ է սահմանել
Փետրվարի 7-ին կյանքի 93-րդ տարում վախճանվել է նախկին դեմոկրատ-կոնգրեսական Ջոն Դինգելը, որն ավելի վաղ երկարամյա ծառայության ռեկորդ է սահմանել ամերիկացի օրենսդիրների շրջանում: Նա Միչիգանի նահանգը Կոնգրեսի ստորին պալատում ներկայացրել է 59 տարի եւ 21 օր՝ 1955 թվականի դեկտեմբերից մինչեւ 2015 թվականի հունվարը։
Ինչպես հայտնել է նրա այրին՝ Դեբի Դինգելը, որը նույն այդ նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ է, Ջոն Դինգելը մահացել է Դիրբոռնի՝ Դեթրոյթի արվարձանի իր տանը: 2013 թվականի ամռանը Ջոն Դինգելը գերազանցել է կոնգրեսական Ռոբերտ Բերդի ձեռքբերումը, որը Կապիտոլիումի բլրին աշխատել էր 57 տարի եւ 176 օր: Վերջին տարիներին, հանգստի գնալուց առաջ, նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ Կոնգրեսի միջանցքներով տեղափոխվում էր էլեկտրաշարժիչով աշխատող հաշմանդամի սայլակով:
Ներկայացուցիչների պալատում աշխատելու ընթացքում Դինգելը հռչակվել էր իր համառությամբ եւ գործընկերներից ստացել էր «Բեռնատար» մականունը, որը նաեւ հիշեցնում էր, որ նա ընտրվել էր Դեթրոյթի՝ ԱՄՆ-ի «ավտոմոբիլային մայրաքաղաքի» արվարձաններից մեկից:
Կոնգրեսի՝ 2014 թվականի նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դինգելի տեղն զբաղեցրել է նրա կինը՝ Դեբին, որի 65-ամյակը լրացել է անցյալ տարվա նոյեմբերին: Դինգելների ընտանիքը Կապիտոլիումի բլրին իր ներկայությունը պահպանում է արդեն ավելի քան 80 տարի: Դինգելի հայրը 1933-ից մինչեւ 1955 թվականը նույնպես աշխատել է Ներկայացուցիչների պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: