Աբու Դաբիում «աբրահամական կրոնների տուն» են կառուցելու
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանը կարգադրել է Աբու Դաբիում կառուցել «աբրահամական ընտանիքի տուն»: Ըստ Twitter-ում Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնի պաշտոնական էջում զետեղված հայտարարության՝ դա արվելու է, որպեսզի «հավերժացվի Ֆրանցիսկոս պապի եւ գլխավոր իմամ Ահմադ աթ Թեյիբի պատմական այցը եւ արտացոլվի Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) տարբեր համայնքների խաղաղ գոյակցությունը»։
«Աբրահամական ընտանիքի տան» կառուցման համար վայրն ընտրվել է Աբու Դաբիի Սաադիյաթ կղզում: Ինչպես հայտնել է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը, դա կլինի «բացառիկ կրոնական կառույց, որը կխորհրդանշի ԱՄԷ-ում բնակվող բոլոր համայնքների խաղաղ գոյակցությունը եւ նրանց միջեւ մարդկային եղբայրությունը՝ անկախ ազգությունից եւ կրոնական համոզմունքներից»:
Ֆրանցիսկոս պապի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ, որը կայացել է փետրվարի 3-ից մինչեւ 5-ը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի համար առաջինն է դարձել Արաբական թերակղզի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: