Բաժիններ՝

«Դավիթ Անանյանի՝ այս փոփոխության առաջարկը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն, քանի որ նրա համար այլ ճանապարհներ չեն մնացել այլևս». Կարեն Կարապետյան

Փետրվարի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով կառուցվածվածքային փոփոխություններ տեղի ունեցան Պետական եկամուտների կոմիտեում։ Որոշվեց կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

Այս փոփոխության նպատակահարմարության մասին 168.am-ը զրուցեց ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության (ՕՀՎ) պետ Կարեն Կարապետյանի հետ, ում գործունեությունը, ըստ նրա, խոչընդոտվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կողմից։

– Հայտնի է, որ Ձեր գործունեությունը կասեցված է արդեն հայտնի պատճառներով։ Այնուամենայնիվ, որպես դեռ ՕՀՎ դե յուրե պետ՝ ի՞նչ կարծիք ունեք երկու ստորաբաժանումների միավորման մասին։

– Քանի որ հետաքննության վարչությունը հետաքննում է ՊԵԿ բոլոր ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ նյութերը, այլ ոչ թե՝ միայն ՕՀՎ-ի, ուստի իր կարգավիճակով այն պետք է լինի անկախ, առանձին կառուցվածքային ստորաբաժանում։  Նույն հաջողությամբ և նույն տրամաբանությամբ կարող էին այն միավորել ստուգումների կամ այլ վարչության հետ։ Դեռևս նախորդ իշխանության ժամանակ մի անգամ արդեն միավորվել են ստորաբաժանումներ՝ կոնկրետ անցանկալի մարդուց ազատվելու սուբյեկտիվ նպատակի համար, բայց հասկացել են, որ դա սխալ որոշում է։ Բացի դրանից, ՊԵԿ կանոնադրությունն ու կառուցվածքը վարչապետը հաստատել է 2018թ. հունիսին, և այն ժամանակ այս անհրաժեշտությունը չկար։ Ուրեմն ինչո՞ւ է դա հիմա արվում։ Ակնհայտ է, որ այդ փոփոխությունը միտված է ինձ աշխատանքից այս կերպ հեռացնելուն, քանի որ Դավիթ Անանյանի համար այլ ճանապարհներ չեն մնացել այլևս։ Ես կարծում եմ, որ Անանյանը վարչապետին հերթական անգամ թյուր հիմնավորումներ է տրամադրել՝ ճիշտ չներկայացնելով երկու ստորաբաժանումների գործառույթները, այլապես դժվար թե նա այդ որոշումը կայացներ։

Կարդացեք նաև

Ես վստահ եմ, որ ոլորտի բազմաթիվ մասնագետներ կիսում են իմ կարծիքը ու համարում, որ դրանք պետք է մնային՝ որպես առանձին ստորաբաժանումներ։ Ի դեպ, ասեմ, որ ամիսներ առաջ ինձ արդեն տեղեկացրել էին, որ այդպիսի նպատակ ունեն, և համակարգում բոլորը գիտեն այդ մասին։

– Ձեր նկատմամբ 2-րդ ծառայողական քննությունն էր նշանակված։ Ի՞նչ փուլում է այն գտնվում։

– Երկրորդ ծառայողական քննությունը նույնպես կարճվեց, և թվում էր, թե այլևս ոչ մի  խոչընդոտ չկա, ու ես կարող եմ վերադառնալ իմ աշխատանքային գործառույթներն օրենքով սահմանված կարգով կատարելուն, սակայն ՊԵԿ-ից դեռ չեն արձագանքել այս որոշմանը։ Սպասում եմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս