Բաժիններ՝

Վենեսուելայի խնդրով շփման խումբը նոր ընտրությունների անցկացման միջազգային երաշխիքներ է խոստացել

Վենեսուելայի խնդրով Միջազգային շփման խումբը (ՄՇԽ) փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում կայացած առաջին նիստում երկրում նախագահական նոր ընտրությունների անցկացման միջազգային երաշխիքներ է խոստացել, ինչպես նաեւ ապահովել մարդասիրական օգնության շուտափույթ մատակարարումը: Այդ մասին հայտարարել է ՄՇԽ-ի համանախագահ, Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունեալով Ուրուգվայի մայրաքաղաքում անցկացված ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«ՄՇԽ-ն մտադիր է կատարել երկու խնդիր: Նա սերտ շփման մեջ է երկրի, տարածաշրջանի ու աշխարհի խաղորդների հետ, որպեսզի երաշխիքներ ապահովի ժողովրդավարական ու ազատ նախագահական ընտրությունների շուտափույթ անցկացման համար, ինչպես նաեւ ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մատակարարումը»,- ասել է նա: Մոգերինիի խոսքով՝ այս երկու խնդիրների լուծման համար ՄՇԽ-ն պլանավորում է առաջիկա շաբաթների ընթացքում միջազգային տեխնիկական առաքելություն ուղարկել Վենեսուելա:

«Վենեսուելայի ճգնաժամը կարող է լուծվել միայն խաղաղ, քաղաքական, ժողովրդավարական ճանապարհով, իրենց իսկ վենեսուելացիների կողմից, առանց զինված միջամտության, ազատ ընտրությունների միջոցով»,- հավելել է Մոգերինին:

Նա ճշտել է, որ Վենեսուելայի շուրջ ՄՇԽ-ի հաջորդ նիստը նախարարների մակարդակով տեղի կունենա մարտի սկզբին, մինչ այդ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում եւս մեկ նիստ կանցկացվի բարձրաստիճան դիվանագետների կամ փոխնախարարների մակարդակով: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը հայտնել է, որ Եվրամիությունը հանրակցության բյուջեից 5 մլն եվրո գումարի շտապ մարդասիրական օգնություն է հատկացրել Վենեսուելային եւ հայտարարել Կարակասում «հումանիտար գրասենյակ» բացելու մտադրության մասին:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան Radio y Televisiցn Espaրola կորպորացիայի կողմից փետրվարի 6-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն խզել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, չնայած այն բանին, որ նրանցից շատերն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:

«Մենք միշտ էլ մեծ կարեւորություն ենք տվել եվրոպական ներդրողներին,-ասել է ԱԳ նախարարը:-Սխալ կլիներ խզել հարաբերությունները: Մենք չենք ընդհատի շփումը»:

Նախարարի խոսքով՝ Կարակասում չեն զարմացել այն քայլերից, որոնք Եվրամիության կողմից ձեռնարկվեցին ի պատասխան Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի: Արեասան վերստին ընդգծել է, որ Կարակասն ԱՄՆ-ին է համարում «պետական հեղաշրջման հրահրողը»: Մեկնաբանելով ԵՄ-ի եւ Ուրուգվայի մասնակցությամբ շփման խմբի նիստը՝ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Կարակասը «միշտ էլ բաց է աջակցության եւ միջնորդության բոլոր տարբերակների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս