Շիրակի նորանշանակ մարզպետն ակնկալում է միայն դրական «ցնցումներ»
Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը աշխատանքային առաջին օրը մարզպետարանի վարչությունների ու բաժինների պատասխանատուների հետ հանդիպումից հետո ճեպազրույց անցկացրեց մարզի լրագրողների հետ:
Ներկայացնելով իր անելիքները՝ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ մեծ անելիքներ կան մարզում անօթևանության և աղքատության նվազման հետ կապված: Հաջորդ քայլը կապված է ներդրումային միջավայրի հետ: «Նախ, այդ հարցը պետք է լուծվի Շիրակում չբնակվող շիրակցիներին ներգրավելով: Մենք ունենք մեծ պոտենցիալ այս հարցում: Հաջորդ ներդրումային ուղղությունը կլինի օտարերկրյա ներդրումների առումով»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով մարզում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելու մասին հարցին՝ Տիգրան Պետրոսյանը նշեց. «Ես ունեմ հստակ լիազորություններ, հստակ գործառույթներ: Եվ մարզպետին տրված բոլոր լիազորություններից օգտվելու եմ»:
Մարզպետարանում կրճատումների հարցին նորանշանակ մարզպետը չցանկացավ այս պահին անդրադառնալ՝ նշելով, որ այն օպտիմալացման մասին, ինչի մասին խոսվում է, այս պահին ինքը չի կարող խոսել, քանի որ դեռ չունի հստակ հանձնարարականներ:
«Պետք է օգտագործենք Շիրակի մարդկային ռեսուրսը, որը ֆանտաստիկ է: Ցավոք, Շիրակի մարդկային կապիտալի մի մասը, արժեքավոր մասը Շիրակի մարզից դուրս է: Նաև Շիրակի մարզն ունի այնպիսի հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում: Շիրակի ձմեռը սոցիալապես անապահով մարդկանց համար հոգս է, բայց նաև հսկայական ներուժ: Արփա լճից մինչև Հայկաձոր ունենք չիրացված հնարավորություններ»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: Լրագրողների հարցին, թե ինչ «էքստրիմալ» փոփոխությունների է պետք սպասել, մարզպետը նշեց՝ «էքստրեմալ դրական ցնցումներ». «Եթե ուզում ենք փոփոխություններ, ապա պետք է փոխվենք բոլորս»:
Արմենուհի Մխոյան