
Իրանը և Իրաքը համաձայնագիր են ստորագրել երկրների միջև վճարային մեխանիզմի գործարկման մասին. IRNA

Իրանի եւ Իրաքի կենտրոնական բանկերի ղեկավարները՝ Աբդոլնասեր Հեմաթին եւ Ալի ալ Ալաքը, Բաղդադում համաձայնագիր են կնքել երկրների միջեւ վճարային մեխանիզմի գործարկման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Համաձայնագրի գլխավոր խնդիրը խոչընդոտների վերացումն է Իրանից ներմուծվող էլեկտրականության եւ գազի դիմաց իրաքյան կողմի վճարումների համար: Մեխանիզմը նաեւ պետք է օգնի մյուս ապրանքների համար վճարումներ կատարելիս: Համաձայնագիրն ստորագրվել է երկու երկրների պատվիրակությունների անդամների բանակցություններից հետո, որոնք անցկացվել են Իրաքի մայրաքաղաքի Ար-Ռաշիդ հյուրանոցում:
«Այսօրվա դրությամբ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր հատվածները հասել են (Իրանի հետ) ապրանքաշրջանառության պատկառելի ծավալների, սակայն խնդիրներ կան միջբանկային հաշվարկների ոլորտում, ինչի կապակցությամբ արտահանողները բախվում են դժվարությունների»,-ասել է ալ Ալաքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: