ՀՀ կառավարության ծրագիրը կուղարկվի ԱԺ
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, ինչը և արվում է։
«Առաջիկա 5 տարիներին՝ ՀՀ կառավարությանգործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն»,- ասաց Մ.Գրիգորյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերոգրյալ հոդվածի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.
- Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր).
- Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն).
- Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր).
- Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն).
- Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա).
- Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում).
- Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծրագիրը երկար քննարկվել է, բավականաչափ ներառական է, բայց առիթ կլինի տեքստը բառապաշարային առումով սինխրոնացնելու, և մինչև ամսի 8-ը կարող են խմբագրական բնույթի աշխատանք կատարել։