Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Brexit-ի հետաձգման պլանը. Daily Telegraph
Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը, հետաձգելու պլանը: Այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը: Նրա տվյալներով՝ նախարարները հույս ունեն այդ քայլը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ի վերջո պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսով, նշված ժամանակաշրջանի ընթացքում, որը պետք է տեւի մինչեւ մայիսի 24-ը, Մեծ Բրիտանիան կշարունակի ԵՄ-ի անդամ մնալ ընթացիկ պայմաններով:
Համայնքների պալատի ղեկավար (դե ֆակտո կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում) Անդրեա Լիդսոմն ավելի վաղ հայտարարել է, որ Brexit-ի ժամկետը մի քանի շաբաթով երկարաձգելը նպատակահարմար որոշում կլիներ, եթե ապահովեր Brexit-ի վերաբերյալ օրենսդրության ընդունումը բրիտանական խորհրդարանում: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը անթույլատրելի է համարում Brexit-ի հետաձգումը եւ խոստանում է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալը տեղի կունենա մարտի 29-ին: Ինչպես փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է Financial Times թերթը, Մեյը դիմել է եվրոպական գործարարության առաջատար ներկայացուցիչներին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի վերանայման հարցի շուրջը Եվրամիության հետ փոխզիջում գտնելու հարցում օգնելու խնդրանքով:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը կոնֆերենց-կապի ընթացքում բանակցություններ է վարել Եվրոպայի արդյունաբերողների կլոր սեղանի 15 անդամների հետ, որը միավորում է Եվրոպայի առաջատար ընկերությունների ղեկավարներին: Մեյը նրանց խնդրել է Եվրոպայի երկրների կառավարություններին համոզել՝ ընդառաջելու Մեծ Բրիտանիային Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի միջեւ ֆիզիկական սահմանի հայտնվելը թույլ չտալու եւ Բրյուսելից համապատասխան երաշխիքներ ստանալու հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: