«Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը
Լինել իշխանություն, նշանակում է քաղաքական և սոցիալան պայքարում լինել հեգեմոն, իսկ հեգեմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որի հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետություն հարթություններում) հարաբերություններ։
Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։
Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։
Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։
Տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ ՔՊ ներկայացուցիչները հայտնում են հետաքրքիր, իսկ երբեմն անհեթեթ մտքեր և տեսակատներ։ Պարզ է, նրանց ստիպված են խոսել (քանի որ նրանց առաջնային աշխատանքը հենց խոսելն է), սակայն յուրաքանչյուրը խոսում է իր անձնական արժեքային համակարգին, կրթական ցենզի, քաղաքական հասունության ու փորձին և պատկերացումներին համապատասխան։ Սակայն այդ մտքերը կառավարության, կամ «Իմ Քայլը» ֆրակցիայի քաղաքական գիծը չէ (նման քաղաքական գիծ չկա էլ)։
Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռն իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում (մտքերի ու գաղափարների առումով) լինել հեգեմոն, բնականաբար, ուժ կիրառելու միջոցով իր առաջնայնությունը հաստատելու տարբերակը մերժում ենք։
Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից»: