Բաժիններ՝

«Ես որևէ հավակնություն կամ նպատակ չեմ ունեցել զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը և այժմ էլ չունեմ». Կարեն Կարապետյան

Վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի և ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի` օրեցօր սրվող հակամարտության ֆոնին հայկական սոցցանցային տիրույթում հրապարակումներ ու մեկնաբանություններ եղան այն մասին, որ ՊԵԿ նախագահի դեմ «արշավը» կազմակերպված է ՕՀՎ պետի կողմից` վերջինիս կողմից ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու նպատակով:

168.am-ը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Կարեն Կարապետյանից` փորձելով հասկանալ, թե արդյո՞ք ինքը նպատակ կամ հավակնություններ ունի ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնել, կամ գուցե իրեն արդեն առաջա՞րկ է եղել:

«Ոչ, երբևէ նման խոսակցություն կամ առաջարկ չի եղել: Ասեմ ավելին, ես որևէ հավակնություն կամ նպատակ չեմ ունեցել զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը և այժմ էլ չունեմ: Ես ունեմ միայն մեկ նպատակ` իրավունք ստանալ վերադառնալ իմ աշխատանքին ու իմ իրավասությունների շրջանակում ու պաշտոնի անձնագրին համապատասխան գործառույթներով ծառայել իմ երկրին»,-նշեց Կ. Կարապետյանը:

Հիշեցնենք, որ  օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի (ում գործունեությունն այժմ կասեցված է ՊԵԿ նախագահի բանավոր հրահանգով) փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օգտագործելով իր պաշտոնական դիրքը և չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ ակնհայտորեն խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակվել  էր Կարեն Կարապետյանը, որը մեկ ամսվա ընթացքում իրականացրել էր մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ և զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։

«Այս ամենը դուր չի եկել, այսպես կոչված, պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս