Էլոյանի պաշտոնանկությունը և փոխնախարարների արտերկրյա հանգիստը
Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հիշեցնենք, որ Էլոյանն այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հունիսին՝ հեղափոխությունից հետո:
Ա. Էլոյանը բնակվում և գործունեություն էր ծավալում ԱՄՆ-ում։ Ժամանակին, երբ նրա նշանակման հարցն ընդգրկվել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի օրակարգում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ «Ավետիք Էլոյանն ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ավետիք Էլոյանը»։ Փաշինյանը հարցը օրակարգից հանեց, որպեսզի միայն նրա ներկայությամբ իր նշանակման հարցը քննարկվի։ Էլոյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի միակ թեկնածուն էր՝ նույն կառավարության կողմից ներկայացված։
Ի վերջո, Էլոյանը ժամանեց և ստանձնեց պաշտոնը։ Էլոյանը 2002-ից բնակվել է ԱՄՆ-ում: Նա այնտեղ էլ ճարտարապետությամբ էր զբաղվում, ըստ ԶԼՄ-ների՝ մի շարք կամուրջների հեղինակ է: 2007-ից աշխատել է Սան Ֆրանցիսկոյի «ՄակԴոնալդ Արքիթեքտս» ընկերությունում, զբաղվել կամուրջների նախագծմամբ:
Ինչո՞ւ Էլոյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ 168.am-ի տեղեկություններով՝ Էլոյանն Ամանորի տոներին մեկնել էր ԱՄՆ։ Կառավարությունից, սակայն, իմանալով այս մասին՝ զանգահարել և ասել են, որպեսզի շտապ վերադառնա, քանի որ շատերի զայրույթն է առաջացրել այն, որ նա տոներն անցկացնում է Միացյալ Նահանգներում՝ արտերկրում։ Էլոյանը պատասխանել է, որ գտնվում է ԱՄՆ-ում և չի կարող շուտափույթ վերադառնալ։ Հետևանքը, փաստորեն, պաշտոնից նրա հեռացումն է։
Ի դեպ, Ամանորի տոներից հետո, և կարծես թե դեռ վերջնականապես լուծված չէ նաև երկու փոխնախարարների՝ ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և մյուս տեղակալ Սուրեն Քրմոյանի հարցը։ Վերջիններս ևս իրենց ամանորյա հանգիստն անցկացրել էին արտերկրում՝ Դուբայում, ինչի պատճառով նրանց հրահանգ է իջեցվել ազատել զբաղեցրած պաշտոնները։
Եվ, քանի որ վերջիններս դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից են պաշտոնավարում, Փաշինյանի թիմակիցներն ամեն կերպ փորձում էինք խնդիրը սրել այն աստիճանի, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, և փոխարենը՝ իրենց ցանկալի կադրերը նշանակվեն։ Ըստ նույն լուրերի՝ որոշ «Սորոս»-ականներ աչք ունեն այդ պաշտոնների վրա, հատկապես, որ միջազգային այդ կառույցի լուրջ հետաքրքրությունների շրջանակում է ՀՀ արդարադատության ոլորտը։
Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Արտակ Զեյնալյանն է խառնվել գործին՝ հասկանալով, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ են փորձառու կադրերը, և Նիկոլ Փաշինյանին ասել է, թե իբր վերջիններս իրեն տեղյակ էին պահել, պարզապես նախարարը մոռացել է այդ մասին իրազեկել վարչապետին։ Առայժմ այս երկու կադրերը շարունակում են աշխատել։ Էլոյանը, սակայն, ազատվեց պաշտոնից։