Դուբայի օդանավակայանը հինգերորդ անգամ անընդմեջ առաջատարն է դարձել միջազգային փոխադրումների ծավալով
Դուբայի միջազգային օդանավակայանը 2018 թվականին անընդմեջ հինգերորդ տարվա արդյունքներով պահպանել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանի կոչումը միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով։
Ինչպես նշվում է Dubai Airports օպերատոր ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել է միջազգային չվերթներ կատարող ռեկորդային 89,149 մլն ուղեւոր: Դա 1 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը:
Անցյալ տարի միջին ամսական թրաֆիկը կազմել է 7,4 միլիոն մարդ, ընդ որում՝ 8 մլն ուղեւորների նշագիծը գերազանցվել է երկու անգամ՝ հուլիսին (8,2 մլն) եւ օգոստոսին (8,4 մլն): Արդյունքում՝ անցած օգոստոսն ամենածանրաբեռնված ամիսն է դարձել օդանավակայանի 58-ամյա պատմության մեջ: Ուղեւորների ամենամեծ հոսքը երկրների թվում բաժին է ընկել Հնդկաստանին (մոտավորապես 12,28 մլն մարդ):
Պետությունների վարկանիշում նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (ավելի քան 6,471 մլն մարդ) եւ Մեծ Բրիտանիան (գրեթե 6,285 մլն մարդ): Դուբայի միջազգային օդանավակայանն առաջին անգամ Լոնդոնի «Հիթրոու»-ից առաջ է անցել եւ արտասահման փոխադրված ուղեւորների թվով առաջատարն է դարձել 2014 թվականին եւ այդ ժամանակվանից այդ ցուցանիշով պահպանում է առաջին տեղը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: